Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի լեհական հեռուստատեսությամբ

09.11.2009, 17:30
Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի լեհական հեռուստատեսությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի լեհական հեռուստատեսությամբ, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Լեհաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներն արդեն նկարահանել են Հայաստանում անհրաժեշտ նյութը, որը մինչև տարեվերջ կցուցադրվի լեհական հեռուստատեսությամբ «Մակլովիչի ճանապարհորդությունը» ծրագրի շրջանակներում»,- ասաց Ապրեսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի մասին «Հայաստան՝ Նոյի երկիր» վերնագրով մեկ այլ վավերագրական ֆիլմ արդեն հեռարձակվում է օտարերկրյա հեռուստաալիքներով, այդ թվում՝ Իսպանիայում և Սկանդինավյան երկրներում։

Ըստ նրա՝ բանակցություններ են տարվում նաև ֆիլմը Discovery ալիքով և իտալական հեռուստատեսության եթերում ցուցադրելու ուղղությամբ։

«Հայաստան՝ Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը ստեղծվել է իսպանական «Տրանսգլոբ» և «Բազզբիզնես» ընկերությունների կողմից Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ -0-