ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտական դպրոցը հայտարարում է քառամսյա դասընթացների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտական դպրոցը հայտարարում է քառամսյա դասընթացների ընդունելություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Արմավիրում տեղակայված ուսումնական բրիգադի հենքի վրա 2007թ.-ից գործող Սերժանտական դպրոցում պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ` ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար:
«Ուսման տևողությունը դպրոցում 4 ամիս է, որի ընթացքում կուրսանտները կստանան դրամական ապահովում` ամսական 75.000 դրամի (մոտ 246 ԱՄՆ դոլար) չափով, իսկ ուսման ավարտից հետո զորքերում ծառայության ընթացքում` 160.000 դրամ (մոտ 525 ԱՄՆ դոլար) աշխատավարձ»,- նշեց Շահսուվարյանը։
Նա ավելացրեց, որ ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողներին տրվող արտոնություններից, այդ թվում` նրանց և նրանց ընտանիքի անդամների անվճար բուժսպասարկում ՊՆ բուժհաստատություններում, իսկ ծառայության վայրում վարձակալված բնակարանի վարձը կփոխհատուցի Պաշտպանության նախարարությունը:
Սերժանտական դպրոցի դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիները: -0-