Վրացական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի է ողջ տարածաշրջանը, բայց հայ-ռուսական հարաբերությունները չտուժեցին. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրացական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի է ողջ տարածաշրջանը, բայց հայ-ռուսական հարաբերությունները չտուժեցին։ Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է երկուշաբթի հրատարակված «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» գերմանական թերթին տված հարցազրույցում։
Տարբեր փորձագետների գնահատականներով, Վրաստանի հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմում է 600-700 մլն. ԱՄՆ դոլար։
Պատասխանելով թերթի այն հարցին, թե ինչպիսի աշխարհաքաղաքական հետևանքներ ունեցավ վրացական հակամարտությունը Հայաստանի համար, Սարգսյանն ասել է, որ իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան խոցելի է ողջ տարածաշրջանը։
«Վրաստանը չափազանց կարևոր երկիր է մեզ համար, քանի որ այնտեղով է անցնում մեր արտաքին առևտրի 70 տոկոսը։ Այնտեղ ապրում են 350 հազար հայեր։ Միաժամանակ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք։ Մենք պետք է այս ամենը համապատասխանեցնենք, ինչը բավականին լավ հաջողվեց»,- ասել է Սարգսյանը գերմանական թերթին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է նախագահը, Հայաստանը Վրաստանի հետ շատ լուրջ հակասություններ ունի, սակայն Երևանին հաջողվեց խուսափել այն ամենից, ինչը կարող էր մեկնաբանվել որպես այդ երկրի նկատմամբ թշնամանքի ակտեր։
«Չնայած այն բանին, որ պատերազմը տարածաշրջանում շատ բան փոխեց, ես կարող եմ ասել, որ ռուս-հայկական հարաբերությունները չեն տուժել»,- ասել է Սարգսյանը։
Այն հարցին, թե Հայաստանն, արդյոք, չէ՞ր ցանկանա երկարատև հեռանկարում տարանցիկ երկիր դառնալ տարածաշրջանում, ինչպիսին այսօր Վրաստանն է, նախագահը նշել է, որ Հայաստանը չի ուզում փորձել որևէ մեկին փոխարինել։
«Սակայն մենք արդեն մտադիր ենք մատակարարման այլընտրանքային ուղիներ ստեղծել։ Մենք ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք ցանկանում ենք երկաթգիծ կառուցել հյուսիսային և հարավային ուղղություններով՝ Հայաստանն Իրանի հետ միացնելու համար։ Որքան շատ ենթակառուցվածքներ մենք ունենանք, այնքան ավելի գրավիչ ու անվտանգ կլինի Հայաստանը»,- ասել է Սարգսյանը։ --0--