Հայ հոգևորականության ներկայացուցիչները քննարկել են թրաֆիքինգին հակազդելու հարցերը

10.10.2008, 18:56
Հայ հոգևորականության ներկայացուցիչները քննարկել են թրաֆիքինգին հակազդելու հարցերը

Հոկտեմբերի 7-9-ը Ծաղկաձորում, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և թրաֆիքինգին նվիրված երրորդ դասընթացը՝ «Աշխատենք միասին ընդդեմ թրաֆիքինգի» խորագրով «Հոգևորականներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում։

Դասընթացներին մասնակցում էին Հայ Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներից եկեղեցականներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի սաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայ Կաթողիկե եկեղեցուց:

Դասընթացին բանախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության հարցերով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը։

Նա անդրադարձավ թրաֆիքինգին զոհ դարձած մարդկանց բացահայտման և իրազեկման աշխատանքներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի կարևորությանը:

Դասընթացին հրավիրված «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունից Հասմիկ Էդիլյանն իր զեկույցում խոսեց զոհերի բացահայտման մեթոդների և հասարակության մեջ նրանց ներգրավման մասին՝ ընդգծելով հատկապես հոգևորականի դերը այդ խնդրի լուծման գործում։

Իր հերթին, «ԱՄՔՈՐ» միջազգային կազմակերպությունից Վիկտորիա Ավակովան հանգամանորեն անդրադարձավ զոհերի պաշտպանության և ապաստարանում նրանց ցուցաբերվող օգնության կարևորությանը: 

Երեք օրերին տեղի ունեցան նաև խմբային քննարկումներ, որոնց ընթացքում մատնանշվեցին այն ձևերն ու ուղիները, որոնք կօգնեն եկեղեցականներին` թրաֆիքինգի զոհերի հետ իրենց աշխատանքում:

Դասընթացի բոլոր մասնակիցները ևս մեկ անգամ հաստատեցին, որ թրաֆիքինգի դեմ պայքարում խիստ անհրաժեշտ է հայ եկեղեցականի մասնակցությունը:

Քննարկումների ժամանակ մշակվեցին նաև համատեղ ծրագրեր` ուղղված թրաֆիքինգի կանխորոշմանը, զոհերի հոգևոր և հոգեբանական խնդիրների լուծման գործում աջակցությանը և համայնքներում նրանց վերաինտեգրմանը:

Դասընթացը կազմակերպել էր ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը` համագործակցությամբ «ԱՄՔՈՐ» միջազգային և «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունների:--0--