Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակնկալիք առաջիկայում չկա. քաղաքական գործիչ

22.07.2008, 20:12
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակնկալիք առաջիկայում չկա. քաղաքական գործիչ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակնկալիք առաջիկայում չկա. քաղաքական գործիչ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ հակամարտության կարգավորման ակնկալիք մոտ ժամանակներս չի կարող լինի, առավել ևս, որ բանակցությունների սեղանի շուրջ բացակայում է հիմնական սուբյեկտը՝ Լեռնային Ղարաբաղը, ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։

«Դրա հիմնական պատճառը Ադրբեջանի կողմից Հայաստանին իբրև ագրեսոր ներկայացնելու ակտիվ քարոզչությունն է, և այդ քաղաքականության մեջ Ադրբեջանը որոշակի հաջողությունների է հասել»,- կարծում է Քոչարյանը։

Նա նշեց, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է հասկանա, որ գործ ունի մի քարոզչության հետ, որն օգտագործում է կարգավորման գործընթացում Երևանի ու Ստեփանակերտի միջև հստակ ձևակերպված հարաբերությունների բացակայության գործոնը։

«Մենք ինքներս չենք նպաստում այն բանին, որ հակամարտությունն ընկալվի Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, իսկ Հայաստանը պարզապես հանդես գա որպես ներգրավված կողմ»,- կարծում է Քոչարյանը։

Ընդ որում, խոսելով հակամարտությունը ուժի միջոցով հարթելու հնարավորության մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ ռազմական գործողությունները շահավետ չեն ոչ ոքի՝ ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային, ոչ ԱՄՆ-ին։  

«Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ կարող է բլից-կրիգերով հաջողության հասնել հակամարտությունը ռազմական ուղով հարթելու գործում, նա մեկ րոպե էլ չէր սպասի իր մտադրություններն իրականացնելու համար»,- ասաց Քոչարյանը։   

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-