«Նոր ժամանակներ» կուսակցությունը մինչև աշուն կորոշի մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովին մասնակցելու հարցը

01.07.2008, 13:48
«Նոր ժամանակներ» կուսակցությունը մինչև աշուն կորոշի մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովին մասնակցելու հարցը

«Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունը մինչև սեպտեմբեր կորոշի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած  իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու հարցը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

««Նոր ժամանակներ» կուսակցությունն ամբողջությամբ կիսում է ԵԽԽՎ-ի տեսակետներն ու մտահոգությունները, հետևաբար Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության որոշման հարցը հետաձգում է սեպտեմբեր», - ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված՝ կուսակցության ղեկավարության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված նամակում։

Կուսակցությունը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ի թիվ 1620 նոր բանաձևում նշվում է, որ հանձնաժողովն ընդամենը վերջերս է կազմավորվել և Վեհաժողովը չի կարող այս պահին գնահատել անկախության, թափանցիկության և վստահելիության չափորոշիչները: Վեհաժողովը նաև հարկ է համարում նշել, որ հանձնաժողովի ձևաչափը և կազմն ինքնին չեն երաշխավորում հանձնաժողովի անկախությունը և անկողմնակալությունը։

«Մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ գալիք ամիսներին մեր երկիրը լինելու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի ներքո, և այդ համատեքստում կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելելու են Հայաստան` տեղում հետևելու 1620 բանաձևի պահանջների կատարման ընթացքին, ինչի արդյունքում ներկայացվելու են համապատասխան զեկույցներ, ուստի «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես ուշի ուշով կհետևի Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում իր մասնակցության հարցը կորոշի նաև այդ աշխատանքների արդյունավետության աստիճանից ելնելով», - ասվում է «Նոր ժամանակներ» կուսակցության նամակում։

Կուսակցությունը մաղթել է հանձնաժողովին արգասաբեր գործունեություն` մարտյան դեպքերի հանգամանքները ու տասը անձանց սպանության պատճառները պարզելու համար։

Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերն ու դրանց պատճառները հետաքննելու նպատակով հունիսի 16-ին որոշում է ընդունվել՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին։ Ենթադրվում է, որ հանձնաժողովի կազմում կներառվեն 11 անդամներ՝ երկուական՝ խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր, սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի ներկայացրել իր պատվիրակներին, իսկ հանձնաժողով ներկայացված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվել է հանձնաժողովին մասնակցել։

Այսպիսով, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է միայն ութ մարդ՝ Հերմինե Նաղդալյանը և Սամվել Նիկոյանը (Հանրապետական կուսակցություն), Արտաշես Շահբազյանն ու Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Հովհաննես Մարգարյանն ու Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր» կուսակցություն), Նաիրա Զոհրաբյանն ու Արա Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն)։

Իր աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովը հրավիրել է մեկական ներկայացուցիչ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 3 տոկոսանոց շեմը հաղթահարած քաղաքական ուժերից՝ «Ազգային միաբանություն», Միասնական աշխատավոր և «Նոր ժամանակներ» կուսակցություններից և քաղաքական ուժեր ներկայացնող նախագահի որոշ թեկնածուների՝ Արամ Հարությունյանին, Տիգրան Կարապետյանին և Վազգեն Մանուկյանին։-0-