Հայ խաղաղապահները գոհ են իրենց պայմաններից Կոսովոյում գտնվելու ընթացքում. հրամանատար

27.06.2008, 17:59
Հայ խաղաղապահները գոհ են իրենց պայմաններից Կոսովոյում գտնվելու ընթացքում. հրամանատար

Հայ խաղաղապահները գոհ են իրենց պայամաններից Կոսովոյում գտվելու ընթացքում, հայտնեց հայ խաղաղապահների վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Ծատինյանը։

«Տղաների տրամադրությունը բարձր է, և նրանք իրենց առաքելությունն իրականացնում են մեծ խանդավառությամբ»,- ուրբաթ Երևան-Պրիշտինա տեսակամուրջի ժամանակ ասաց նա։

Ծատինյանը նշեց, որ հայ խաղաղապահները տեղակայված են Կոսովոյի հարավում, Ուրոշովեց քաղաքում և իրենց առաքելությունն են իրականացնում բազմազգ դիվիզիայի կազմում։

Նա նշեց, որ խաղաղապահները, գրաֆիկի համաձայն, աշխատում են օրը մեջ։ «Հայ խաղաղապահները համացանցից օգտվելու հնարավորություն ունեն, կարող են կազմակերպել իրենց ազատ ժամանակը և նույնիսկ հետևել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը»,- նկատեց ավագ լեյտենանտը։

Տեսակամուրջը կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ԱՄՆ-ի և Հունաստանի դեսպանատների աջակցությամբ։

Հայ խաղաղապահները 2004 թվականի փետրվարի 12-ից մասնակցում են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը Հունաստանի գումարտակի կազմում։ Հայ խաղաղապահների հերթական իններորդ հերթափոխության կազմում 70 զինծառայող է ընդգրկված։-0-