Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մադրիդյան առաջարկների հիման վրա. ԱԳՆ ղեկավար

04.06.2008, 11:35
Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մադրիդյան առաջարկների հիման վրա. ԱԳՆ ղեկավար
Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մադրիդյան առաջարկների հիման վրա. ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մադրիդյան առաջարկների հիման վրա, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այդ առաջարկները համանախագահների երկարատև ջանքերի և հակամարտող կողմերի հետ նրանց շփումների արդյունք են։ Մադրիդյան փաստաթղթում իսկապես մի շարք առաջարկներ կան, որոնք ներկայացվել են երկու երկրների արտաքին գործերի նախախարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, և մենք պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները»,- ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում քննարկման են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բազային սկզբունքները։ Համանախագահները «մադրիդյան առաջարկությունը» արդարացի ու հավասարակշռված են համարում։

ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսքերով, փաստաթղթի և ձևավորված առաջարկների առկայությունը Մոսկվայում վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նալբանդյանն ընդգծեց, որ ներկայումս չի քննարկվում համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի նոր առաջարկների մշակման հարցը։ Նա հերթական անգամ հավաստիացրեց, որ հանրապետությունը պատրաստ է շարունակել բանակցությունները արդեն եղած առաջարկների հիման վրա։ «Դրան պետք է պատրաստ լինի նաև Ադրբեջանը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-