Հայաստանում 2008-2009 թթ. գարեջրի շուկայում պիկ է սպասվում

02.06.2008, 13:39
Հայաստանում 2008-2009 թթ. գարեջրի շուկայում պիկ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2008-2009 թթ. գարեջրի շուկայում պահանջարկի ու օգտագործման ծավալների ամենամեծ ցուցանիշն է սպասվում։ Ինչպես վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2008 թվականի հունվար-ապրիլին երկրում գարեջրի արտադրությունը մեծացել է 14,2 տոկոսով՝ կազմելով 2331,5 հազար լիտր։

«Եթե յոթ տարի առաջ հանրապետությունում մեկ շնչին հասնում էր 4 լիտր գարեջուր, ապա այժմ այդ ցուցանիշն աճել է ավելի քան չորս անգամ»,- ասաց «Գյումրի գարեջրի գործարան» ՓԲԸ զարգացման գծով մենեջեր Հարություն Գևորգյանը։ Այս կապակցությամբ, նրա խոսքերով, ընկերությունը մի շարք քայլեր է ձեռնարկում  հայկական շուկայում իր չափաբաժինը մեծացնելու ուղղությամբ։ Ներկայումս ԳԳԳ-ը զբաղեցնում է Գյումրու շուկայի մոտավորապես 55 տոկոսը, Շիրակի մարզի որոշ գյուղերում՝ 70-80 տոկոսը, իսկ մարզի մի շարք շրջաններում նույնիսկ մոնոպոլիստ է։ Գարեջրի արտադրության ծավալներով երրորդ տեղը զբաղեցնող ընկերությանը պատկանում է նաև Երևանի շուկայի մոտ 20-25 տոկոսը։

«Գործարանը ծրագրում է ընդլայնել արտադրական հզորությունը և դուրս գալ մերձավոր արտասահմանի՝ մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի շուկա։

1970 թվականին հիմնված Գյումրու գարեջրի գործարանը սեփականաշնորհվել է 1993 թվականին։ Ձեռնարկությունն այսօր «Կիլիկիա» և «Կոտայք» գարեջրի գործարաններից հետո երրորդ տեղն է զբաղեցնում հանրապետության շուկայում։-0-