Հայ-լատվիական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ հայ-լատվիական հարաբերություններում մեծ ներուժ կա այն ընդլայնելու և համագործակցությունն ավելի խորացնելու համար, հատկապես` տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և տուրիզմի բնագավառներում։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նման կարծիք Նալբանդյանը հայտնեց Հայստանում Լատվիայի դեսպան Այվարս Վովերսի հետ հանդիպմանը` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ծառայության վեց տարիների ընթացքում Հայաստանի և Լատվիայի հարաբերությունները զարգացնելու համար` նշելով, որ երկու երկրների միջև հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն և գոյություն ունի իրավապայմանագրային դաշտ։
Բացի այդ, Նալբանդյանը հետաքրքրվածություն հայտնեց ուսումնասիրել Լատվիայի և բալթյան մյուս երկրների եվրոպական ինտեգրման փորձը և այդ ուղղությամբ համագործակցության քայլեր ձեռնարկել:
Իր հերթին դեսպանը երախտագիտություն հայտնեց նախարարին և ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի շոշափելի զարգացման հետ զուգահեռ զարգացել են նաև տարբեր բանագավառներում երկկողմ հարաբերությունները։
Մասնավորապես, դեսպանը նկատեց, որ արդյունավետորեն համագործակցում են Հայաստանի և Լատվիայի պետական կառավարման մարմինները, Երևանում բացվել է Լատվիայի պատվո հյուպատոսություն, Հայաստանում գործում է լատվիական խոշոր բանկերից մեկը, բացվել է Ռիգա-Երևան ուղիղ չվերթ, աշխուժանում են գործարար կապերը:
Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ համագործակցության կոնկրետ ոլորտներին առնչվող հարցեր: -0-

