Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայթունավտանգ չէ. կուսակցության ղեկավար

04.04.2008, 19:21
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայթունավտանգ չէ. կուսակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայթունավտանգ չէ և պետք է բնականոն հունի մեջ մտնի, կարծում է կոալիցիոն կուսակցության առաջնորդ և խորհրդարանի «Օրինաց երկիր» համանուն խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

«Ամեն ինչ կախված է ինչպես քաղաքական գործիչներից, այնպես էլ ԶԼՄ-ներից։ Նրանք չպետք է լարվածություն առաջացնեն երկրում»,- ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 265 մարդ։

Բաղդասարյանի խոսքքով, երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը պետք է զարգանա քաղաքական համաձայնության հիման վրա։ «Այս տարի լինելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սա առանփին քաղաքական ուժերի համար իրենց դրսևորելու հրաշալի հնարավորություն է»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ եթե դրան ավելացնենք այն 65 անդամներին, որոնք համամասնական սկզբունքով առաջին անգամ են ընտրվելու Երևանի խորհրդարան, ապա պատկերը կդառնա ավելի լիարժեք և կարևոր, քանի որ քաղաքային խորհրդարանում խմբակցություններ են ձևավորվելու։

«Կարևոր եմ համարում, որպեսզի մոտ ժամանակներս քաղաքական և հասարակական գործընթացները կարողանան զարգանալ հանդուրժողականության և փոխըմբռնման հիման վրա՝ Սահմանադրությամբ նախատեսված դրույթների շրջանակներում»,- ասաց Բաղադսարյանը։--0—