ՀՀ նախագահի թեկնածուները քաղաքական քարոզչության համար ծախսել են ավելի քան 615 հազար դոլար

14.02.2008, 15:23
ՀՀ նախագահի թեկնածուները քաղաքական քարոզչության համար ծախսել են ավելի քան 615 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց նախընտրական հիմնադրամներից ծախսել են 190 միլիոն 937 հազար 523 դրամ (615,7 հազար դոլար)։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԸՀ-ին կից Հսկիչ-վերստուգիչ  ծառայության պետ Արա Հարությունյանը։

«2008թ. փետրվարի 12-ի տվյալներով, Հայաստանի նախագահի ութ թեկնածուների հաշիվների վրա կար 199 միլիոն 626 հազար 500 դրամ, որից ծախսվել է 190 միլիոն 937 հազար 523 դրամը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական հիմնադրամ չի ձևավորվել։

Հարությունյանի խոսքերով, ամենախոշոր նախընտրական հիմնադրամը  Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանինն է՝ 65 միլիոն 270 հազար դրամ։

«Երկրորդ տեղում Վահան Հովհաննիսյանի հիմնադրամն է՝ 49 միլիոն դրամ։ Այնուհետև գալիս են Արթուր Բաղդասարյանը (33 միլիոն 210 հազար դրամ), Լևոն Տեր-Պետրոսյանը (22 միլիոն 334 հազար 500 դրամ), Արտաշես Գեղամյանը (14,6 միլիոն դրամ), Տիգրան Կարապետյանը (9,6 միլիոն դրամ), Վազգեն Մանուկյանը (4,4 միլիոն դրամ) և Արամ Հարությունյանը (1,2 միլիոն դրամ)»,- տեղեկացրեց նա։

Հարությունյանը նշեց, որ բոլոր թեկնածուների դրամական միջոցների 60,3 տոկոսը ծախսվել է քարոզչական գովազդ պատրաստելու համար, 23,9 տոկոսը՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով վճարովի եթեր ձեռք բերելու համար, 14,1 տոկոսը՝ տպագիր նյութերի պատրաստման և 1,6 տոկոսը՝ սրահների և տարածքների վարձակալման համար։

«Ծախսած միջոցների ծավալով թեկնածուների թվում առաջատարը Սերժ Սարգսյանն է (58,7 միլիոն դրամ), նրան հաջորդում են Վահան Հովհաննիսյանը (մոտ 50 միլիոն դրամ), Արթուր Բաղդասարյանը (33,2 միլիոն դրամ), Լևոն Տեր-Պետրոսյանը (21,5 միլիոն դրամ), Արտաշես Գեղամյանը (14,4 միլիոն դրամ), Տիգրան Կարապետյանը (9.6 միլիոն դրամ), Վազգեն մանուկյանը (3,6 միլիոն դրամ), Արամ Հարությունյանը (1 միլիոն դրամ)»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ ԿԸՀ-ին կից Հսկիչ-վերստուգիչ  ծառայության պետը տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամները ձևավորվել են թեկնածուների սեփական միջոցների հաշվին (6 մարդ), ինչպես նաև մեկ քաղաքական կուսակցության միջոցներից, 125 իրավաբանական անձանց և 588 ֆիզիկական անձանց միջոցներից։

«Հարկ է նշել, որ արձանագրվել են նաև 8 միլիոն դրամ գումարի չափով դրամական փոխանցումների սխալ դեպքեր, որոնց գումարը գերազանցում էր օրենքով թույլատրված գումարի չափը կամ էլ կատարվել էր դրա իրավունքը չունեցող իրավաբանական անձանց կողմից։ Օրենքով սահմանված կարգով այդ միջոցները վերադարձվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց, իսկ դրանց մի մասն ուղարկվել է պետբյուջե»,- պարզաբանեց Հարությունյանը։

2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։

Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  --0—