Հայկական օդանավակայանի վերգետնյա ծառայությունների օպերատիվ աշխատանքը թույլ է տվել խուսափել զոհերից՝ «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի ժամանակ
ԵՐԵՎԱՆ,14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական օդանավակայանի օպերատիվ և կազմակերպված աշխատանքը հնարավորություն է տվել խուսափել զոհերից՝ առավոտյան վթարի ենթարկված բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Միջազգային օդանավակայանների» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
«Հայկական օդանավակայանի վերգետնյա բոլոր ծառայությունների օպերատիվ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել զոհերից և նյութական լուրջ վնասներից»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքերով, երեք հրշեջ հաշվարկներ մեկուսացրեցին հրդեհը, իսկ արագ արձագանքման ծառայությունը և օդանավակայանի հակահրդեհային ծառայությունը օպերատիվ ձևով տարհանեցին 18 ուղևորի և անձնակազմի երեք անդամի։
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հինգշաբթի առավոտյան վթարի է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում։ Հինգ մետր օդ բարձրանալուց հետո ինքնաթիռը թեքվել է ձախ, օդաչուն փորձել է այն ուղղել դեպի աջ, բայց թևով կպել է գետնին։ Ինքնաթիռը բռնկվել է և բաժանվել երկու մասի։ Զոհեր չկան։
Անձնակազմի բոլոր անդամները Բելառուսի քաղաքացիներ են, իսկ ուղևորները՝ ազգությամբ հայեր։ Նրանցից 10-ը Հայաստանի քաղաքացի են, հինգը՝ Ջավախքից են (Վրաստան), 3-ը՝ Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներ են։-0-