ԱՊՀ երկրների ԿԸՀ նախագահները ելույթ կունենան Պետերբուրգում՝ միջազգային դիտորդների համար կազմակերպված սեմինարին

08.02.2008, 14:35
ԱՊՀ երկրների ԿԸՀ նախագահները ելույթ կունենան Պետերբուրգում՝ միջազգային դիտորդների համար կազմակերպված սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 11-ին Պետերբուրգում, Տավրիկյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շտաբ-բնակարանում կբացվի միջազգային դիտորդների և իշխանության պետական մարմինների ընտրությունների խորհրդատուների համար կազմակերպվող երկօրյա սեմինարը, ասվում է  ԱՊՀ ՄԽՎ լրատվական ծառայության հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես սպասվում է, սեմինարին մասնակցելու են Համագործակցության երկրների, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանականները, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները։

Լրատվական ծառայության տվյալներով, սեմինարին ելույթ են ունենալու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի  նախագահը, Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, ԱՊՀ, Բալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների ԿԸՀ-ների ղեկավարները։

Սեմինարի շրջանակներում  կկազմակերպվի երեք «կլոր սեղան»՝ «Ազնիվ և արդար ընտրություններ՝ համընդհանուր եվրոպական քաղաքական երկխոսության համատեքստում», «ԱՊՀ, Եվրախորհրդի, Հյուսիսային Խորհրդի, ԵԱՀԿ անդամ-երկրներում ընտրությունների կազմակերպման և անցկացման փորձի փոխանակում» և «ԱՊՀ անդամ-երկրների դիտորդների կողմից ընտրությունների մոնիտորինգի կազմակերպման և անցկացման փորձի փոխանակում»։ Սեմինարը կազմակերպել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը և ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։--0—