Մարտին Հայաստան կայցելի Սաքսոնիայի մշակույթի նախարարը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մարտին Հայաստան կայցելի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի (Գերմանիա) մշակույթի նախարար Անտոնիո Օլբերցը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ՀՀ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Արա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերով, ներկայումս պատրաստվում է այցի օրակարգը, որի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալտի համագործակցության հեռանկարները։
«Որակավորման բարձրացման նպատակով ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերով Սաքսոնիան Հայաստանի հատկապես ակտիվ գործընկերներից է»,- ասաց նա։
Իր հերթին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը հանձնարարել է Կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին՝ Սաքսոնիայի մշակույթի նախարարի այցը կազմակերպել բարձր մակարդակով՝ կազմելով քննարկվելիք հարցերի ցանկը։
1992 թվականից ի վեր կրթության և գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում իրականացվում են դպրոցականների և ուսանողների փոխանակման ծրագրեր։ Դպրոցականների փոխանակման վերջին ծրագիրը իրականացվել է 2007 թվականին, երբ երկու կողմից 15-ական դպրոցական և 3-ական ուսուցիչ երեք շաբաթ ուսանում էին Հայաստանում և Գերմանիայում։
1996-2008թթ. ընթացքում ավելի քան հազար հայ ուսանողներ կրթաթոշակային ծրագրերով ուսանել են Գերմանիայում։--0—