ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են ընտրախախտումների դեմ պայքարի ամերիկյան փորձը

23.01.2008, 19:13
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են ընտրախախտումների դեմ պայքարի ամերիկյան փորձը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են ընտրախախտումների դեմ պայքարի ամերիկյան փորձը, չորեքշաբթի լրագրողներին հաղորդեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։

«Հայաստանի գլխավոր դատախազության վեց աշխատակիցներ գործուղվել են ԱՄՆ, որտեղ ուսումնասիրել են ընտրախախտումները բացահայտող և դրանց նկատմամբ քննություն անցկացնելու մեթոդները»,- ասաց նա։

Թամազյանի խոսքերով, հայկական կողմն ուսումնասիրել է նաև ԱՄՆ, Լիտվայի և Էստոնիայի փորձը՝ նշված երկրների դատական և դատախազական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Ուսումնասիրությունների առարկա են դարձել քաղաքացիների ազատ կամքի դրսևորման իրավունքի, այդ իրավունքի խախտման, պետության կողմից նրանց պաշտպանության հարցերը։ Համադրվել և միավորվել է տարբեր երկրների իրավակիրառական պրակտիկան»,- ասաց նա։

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանում գործող օրենսդրությունում քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովման առումով նկատելի է էական առաջընթաց։

«Ընտրությունները կեղծելու համար նախատեսվում է խիստ պատասխանատվություն, այդ թվում՝ ազատազրկում, մասնավորապես, քվեների դիտավորյալ սխալ հաշվարկի և միտումնավոր կերպով քվեարկության սխալ  արդյունքները հաստատելու համար»,- նշեց նա։

«Որոշակի դեպքերում քրեական օրենսդրությունը նախատեսում է բավական լուրջ և խիստ պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում»,- ավելացրեց նա։

Թամազյանի խոսքերով, պատասխանատվություն է նախատեսվում նաև քաղաքացիների ընտրական իրավունքի կատարմանը խոչընդոտելու, ընտրական հանձնաժողովների աշխատանքին խանգարելու, ինչպես նաև ընտրություններին մասնակցող անձանց, ներառյալ վստահված անձանց, դիտորդների և ԶԼՄ-ների աշխատանքին խոչընդոտելու  համար։

«Հատկապես, եթե դա արվում է պաշտոնական դիրքի չարաշահման ճանապարհով՝ նյութական օգուտ ստանալու նպատակով՝ բռնություն և (կամ) սպառնալիք իրականացնելով»,- պարզաբանեց գլխավոր դատախազի տեղակալը։

Ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործերով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը և Հայաստանի Ոստիկանության քննչական մարմինները։--0—