Հայաստանը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը եվրոպական կառույցներում. խոսնակ

Հայաստանը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը եվրոպական կառույցներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ, որը Երևանում է գտնվում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու նպատակով։
«Հայաստանը կարևորում է եվրոպական կառույցներում խնդրի քննարկումը եվրոպական արժեքների և եվրաինտեգրման համատեքստում, քանի որ կոնկրետ սկզբունքների առկայության դեպքում կողմերից ոչ մեկը չի կարողանա մեղադրել եվրոպական կառույցներին կողմնակալության մեջ»,-չորեքշաբթի խորհրդարանի հասարակայնության հետ կապորի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Թորոսյանի խոսքերը։
Խոսնակի գնահատականներով, սկզբունքները պետք է հստակ ձևակերպեն և ընդունեն երկու կողմերն էլ հայտարարությունների մակարդակով, բայց պետք է նաև գործնական կիրառում ունենան։
«ԵՄ-ի կողմից անցած ուղին վկայում է այն մասին, որ հակասությունների հաղթահարման հիմքը հանդուրժողականությունն ու երկխոսությունն է։ Հայաստանի դիրքորոշումը լիովին համընկնում է այս սկզբունքների հետ։ Հայաստանը գիտակցում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է որոշ ժամանակով մի կողմ դնել և համագործակցել այլ հարցերում, և վստահության ու փոխըմբռնման մթնոլորտի ստեղծման միջոցով նպաստել նաև այդ հարցերի լուծմանը»,-ասել է Թորոսյանը։
Նա նշել է, որ միևնույն ժամանակ Թուրքիան այսօր պայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման, Եղեռնի ճանաչման վերաբերյալ, հարաբերությունների կարգավորումը հնարավոր համարելով միայն այս հարցերի լուծումից հետո։
«Բնական է, որ այս պայմաններն անընդունելի են Հայաստանի համար, քանի որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների ոլորտ է մտցնում երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հարաբերությունները։ Բացի այդ, Անկարան չի կարողանում հաղթահարել նաև իր հոգեբանական խնդիրները, որոնք կապված են Եղեռնի ճանաչման հետ և շարունակում է Հայաստանի շրջափակումը»,-հայտարարել է Թորոսյանը, ընգծելով, որ այդ քայլերը ոչ մի կերպ չեն տեղավորվում եվրոպական արժեհամակարգում։
Դեկտեմբերի 19-20 ՀՀ ԱԺ-ում տեղի են ունենում «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումները։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։
Պաշտոնական Երևանը ժամանակին մերժել է թուրքական կողմի առաջարկությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, փաստելով, որ հայոց ցեղասպանության փաստն անվիճելի է և քննարկման ենթակա չէ։--0—