Հայաստանի առաջին նախագահը իշխանության է ձգտում պետականության ժողովրդավարական նորմերը վերականգնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնել, որպեսզի «ցույց տա իշխանության քրեական կառույցները» և վերականգնի պետականության ժողովրդավարական նորմերը։
«Պետք է վերականգնել օրենքների գործողոթւյունը, ապահովել դատարանների և խորհրդարանների անկախությունը, հավասարակշռություն ստեղծել իշխանությունների միջև, վերականգնել ժողովրդավարական նորմերը, որոնք գործում էին իմ ժամանակ, պետք է խոսքի լիակատար ազատություն տալ ԶԼՄ-ներին։ Արտաքին քաղաքականության մեջ հարկավոր է անցնել հավասարակշռված ռազմավարության՝ ուղղված հարևանների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի հետ հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Տեր-Պետրոսյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Տասը տարի ընդմիջումից հետո քաղաքականություն վերադառնալու իր որոշումը պատճառաբանելով՝ Տեր-Պետրոսյանը նկատել է, որ դրա պատճառը ներկայիս իշխանությունների քաղաքականությունն է, որոնք պետության մեջ ստեղծել են «մի մոդել, որում առհասարակ իշխանությունների հավասարակշռություն գոյություն չունի»։
«Եվս հինգ-տասը տարի, և դա կվերափոխվի ճգնաժամի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, ղարաբաղյան կարգավորման, Հայաստանի շրջափակումը պահապնելու հարցերում։ Եվ նույնիսկ ժողովրդագրության հարցում, քանի որ արտագաղթի հոսքը միայն կավելանա»,- ասել է նա, ավելացնելով, որ «պատրաստ է դառնալ այն գործիքը, որը թույլ կտա ազատվել այս իշխանություններից, իսկ դրանից հետո հեռանալ և ժողովրդին հնարավորություն տալ նոր նախագահ ընտրել»։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությանը՝ Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ բոլոր կարևորագույն երկկողմանի համաձայնագրերը ստորագրվել են իր նախագահության օրոք, այդ թվում՝ հավաքական անվտանգության, սահմանների համատեղ պաշտպանության, ՀՕՊ միասնական համակարգի, Գյումրիում բազայի ստեղծման, «Հայռոսգազարդի» ստեղծման, ինչպես նաև «մեծ ռուս-հայկական քաղաքական համաձայնագրի» մասին համաձայնագրերը։
ՀՀ առաջին նախագահը նշել է, որ նա և իր թիմը կանեն ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ժամանակ խուսափեն կեղծումներից։
«Մենք առաջարկում ենք քվեաթերթիկները տպագրել արտասահմանում, դիմել ենք եվրոպական կառույցներին, և նրանք լրջորեն զբաղվում են այս հարցով։ Մենք առաջարկել ենք քվեարկության ժամանակ օգտագործել թանաք, որով կդրոշմվեն քվեարկողների մատները։ Եթե այս ամենն անեն, ապա նորմալ ընտրություններ ունենալու շանս կստանանք»,- կարծում է նա։
Տեր-Պետրոսյանն արտահայտել է նաև իր անհանգստությունը, թե ԱՊՀ երկրների դիտորդների եզրակացություններն այնքան էլ չեն համընկնում ԵԱՀԿ, ԵԽԽՎ և այլ դիտորդների եզրակացությունների հետ և հայտարարել, որ «իմաստ չունի բողոքարկել ԱՊՀ-ում»։
«Նույնիսկ արևմտյան կազմակերպությունները չեն կարողանա օբյեկտիվ գնահատական տալ, եթե ժամանեն հենց քվեարկության օրը։ Արդեն երեք ամիս է ընթանում է քարոզարշավը։ Այնպես որ չի կարելի ասել, թե ես գոհ եմ միջազգային դիտորդների աշխատանքից»,- ասել է նա։
Միաժամանակ, ՀՀ առաջին նախագահը համոզված է, որ երկրում հեղափոխություն տեղի չի ունենա։
«Ես մեր կողմից որևէ բռնություն կամ իրավախախտումներ թույլ չեմ տա, իսկ եթե ժողովուրդն, այնուամենայնիվ, դուրս գա փողոցներ, ես կխնդրեմ, որպեսզի նա իր կարծիքն արտահայտի միայն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։
ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին, 2007 թ.-ի փետրվար ամսվա տվյալներով՝ կուսակցությունում գրանցված է 7 հազ. անդամ։
1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։
Հոկտեմբերի 26-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ --0—