Երևանի քաղաքապետը և ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողը քննարկել են «Երևանի մասին» օրինագիծը
«Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրենքի հիմնական դրույթներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի և ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես չորեքշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ժամանակ Զախարյանն առանձնահատուկ ընգծել է մայրաքաղաքի բյուջեի ձևավորման հարցը, ինչը քաղաքի զարգացման կարևոր նախապայմանն է։
«Երևանի մասին» օրինագծում պետք է հստակություն մտցնել ֆինանսական գծով, այլապես քաղաքապետը և ավագանին, որոնք ընտրվելու են չորս տարով չեն կարողանա մշակել երկարաժամկետ ծրագրեր»,-նշել է Զախարյանը, հավելելով, որ օրենքը ծրագրվում է ընդունել կառավարման արդյունավետ համակարգի և քաղաքի զարգացման երաշխավորման համար։
Իր հերթին Կոլոմբիեն համաձայնել է քաղաքապետի հետ և հավելել, որ եթե մայրաքաղաքի բյուջեի ձևավորման հարցը լուծված չլինի բարեփոխումները կարող են իրենց նպատակին չհասնել։
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 3-ից սկսել է «Երևանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Օրինագծով Երևանում մտցվում է կառավարման նոր համակարգ և փոխվում է Երևանի անմիջական կարգավիճակը, որը առանձին մարզից անցնում է տեղական ինքնակառավարման միավորի կարգավիճակի։–0—

