ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում

15.04.2026, 13:40
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը
ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը, հայտնում է «Ազատությունը»։

Ակնկալվում է, որ վերջնական հաստատումը կլինի հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։ 

Ըստ ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկի փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ 

Նշվում է, որ այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։ 

Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։