Առաջիկայում կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ փոխնախարար

15.04.2026, 13:23
Առաջիկայում կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը
Առաջիկայում կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 13-ին ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորած պատվիրակությանը, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացին, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ղազարյանը նշել է, որ առաջիկայում կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը, ինչը վճռորոշ քայլ է տվյալների անվտանգության ապահովման և անձնագրային համակարգի կատարելագործման տեսանկյունից։ 

Փոխնախարարը ներկայացրել է ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ներքին անվտանգության համակարգի արդիականացմանն ուղղված ռազմավարական ուղղությունները, իրականացված ծավալուն աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։ 

Ղազարյանը ներկայացրել է նաև 112 օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները՝ նշելով, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ կենտրոնը թույլ է տալիս ապահովել արտակարգ պատահարներին արձագանքման առավելագույն օպերատիվություն և ծառայությունների միջև արդյունավետ փոխգործակցություն։ 

Կողմերը քննարկել են նաև սահմանային վերահսկողության ինտեգրված կառավարման նոր մոդելի, կրթական բաղադրիչի վերափոխման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարին և իրավախախտումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործիքակազմի ներդրման հեռանկարները։ 

Ղազարյանն ընդգծել է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումները վկայում են ոստիկանության հանդեպ հանրային վստահության զգալի աճի և դժգոհության ցուցանիշների նվազման մասին, ինչը ոլորտային բարեփոխումների արդյունավետության գլխավոր ապացույցն է։ 

Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեն, բարձր գնահատելով ՆԳ նախարարության թվայնացման և արդիականացման օրակարգը, վերահաստատել է երկկողմ համագործակցությունն ընդլայնելու լիտվական կողմի պատրաստակամությունը։