«Ուժեղ Հայաստան»–ի անդամներ Գոհար Ղումաշյանի ու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Դատարանի կողմից կիրառվեց վարչական հսկողություն, մենք էլ շարունակում ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան», - գրել է Մելոյանը Facebook-յան իր էջում։
Նշենք, որ Վերժինե Ստեփանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է։
Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

