Երևանում բացվել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես

20.11.2007, 19:22
Երևանում բացվել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես
Երևանում բացվել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Պատմության թանգարանում երեքշաբթի բացվեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսը։

«Այսպիսի ցուցահանդեսների բացումը նպաստում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը և զարգացմանը»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝  ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման ժամանակ։

Նրա խոսքերով, ցուցահանդեսի նպատակն է նաև նոր տաղանդների բացահայտումը, արվեստի երիտասարդ գործիչների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Իր հերթին ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը նշեց նման միջոցառումների անցկացման կարևորությունը։

«Ցուցահանդեսն ունի նաև տեղեկատվական կարևորություն։ Նմանատիպ միջոցառումների օգնությամբ հայ ժողովուրդը ծանոթանում է Հայաստանի տարածքում բնակվող այլ ազգերի էթնիկ մշակույթի հետ»,- ավելացրեց նա։

Ցուցահանդեսի այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝  ռուսների, ասորիների, բելառուսների, վրացիների, գերմանացիների, հրեաների արվեստի հետ։

Ցուցանմուշների թվում ներկայացված են դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, մասնավորապես, զարդեր, հուշանվերներ, վարպետների աշխատանքներ, ինչպես նաև ազգային ուտեստներ և հրուշակեղեն։

Ազգային փոքրամասնությունների դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը։ --0—