«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Բացառված չէ, որ համագումարի ժամանակ կուսակցությունը կառաջադրի իմ թեկնածությունը՝ 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ նախագահական ընտրությունների ժամանական հուսով է ստանալ ոչ միայն իր կուսակիցների, այլև ընդդիմադիր մյուս կուսակցությունների անդամների աջակցությունը։
«Մեզ հետ է արդեն «Ազգային ժողովրդավարների դաշինքը» (ԱԺԴ), որի առաջնորդ Արշակ Սադոյանը հայտարարել է իր աջակցության մասին։ Բացի այդ, կան նաև այլ կուսակցություններ, որոնք համաձայն են մեզ հետ գնալ ընտրությունների»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքերով, ԱԺՄ-ն պատրաստ է համագործակցել նաև այլ կուսակցությունների հետ, մասնավորապես՝ որակյալ և արդար ընտրություններ ապահովելու հարցում։
«Շատ հարցեր կան, որոնց շուրջ կարելի է համագործակցել տարբեր կուսակցությունների հետ կամ ծրագրերում ընդհանուր կետեր գտնել։ Մասնավորապես, ես կիսում եմ Ղարաբաղի հարցում ՀՅԴ տեսակետները»,- հստակեցրեց Մանուկյանը։
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը հիմնվել է 1992թ.։ Այսօրվա դրությամբ կուսակցությունն ունի 2,6 հազար անդամ։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ --0—