Մինչև 2007 թ. վերջ Հայաստանում կընդունվի տուրիզմի զարգացման նոր հայեցակարգ
Մինչև 2007 թ. վերջ Հայաստանում կընդունվի տուրիզմի զարգացման նոր հայեցակարգ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը՝ ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանում։
Նրա խոսքերով, մինչև տարեվերջ կպատրաստվի տուրիզմի մարզային զարգացման ռազմավարությունը և հայեցակարգը՝ նախատեսված մի քանի տասնամյակների համար։ «Մասնավորապես, տուրիզմը կդառնա գործիք, որի միջոցով մենք կփորձենք կրճատել եկամուտների տարբերությունները Երևանում և մարզերում, առաջին հերթին՝ ներդրումները մարզեր ուղղելու հաշվին», - ասել է Երիցյանը։
Նա նաև նշել է, որ տուրիզմի հայեցակարգում հաշվի կառնվի ենթակառուցվածքների շինարարությունում մասնակցության մասին նոր առաջարկը։
Մասնավորապես, նախարարության նախաձեռնությամբ, ենթակառուցվածքների շինարարության բոլոր ծրագրերը պետք է իրագործվեն պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ։
Նախարարության կանխատեսումների համաձայն, մինչև 2007 թ. վերջը Հայաստան կայցելի 450 հազ. զբոսաշրջիկ, ինչը կապահովի ոլորտի 20 տոկոս աճ։
Ըստ վիճակագրական տվյալների, սկսած 2001 թ.-ից տուրիստական այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25 տոկոս, մասնավորապես, 2005 թ.-ին Հայաստան է այցելել 318 հազ., իսկ 2006 թ.-ին՝ 381 հազ. զբոսաշրջիկ։
Արված հետազոտությունների համաձայն, Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկը շաբաթվա ընթացքում միջինը երկրում ծախսում է շուրջ 1300-1400 դոլար՝ չհաշված ավիատոմսերի ծախսը։-0-