Հայաստանը պետք է մրցունակ լինի աշխարհի մասշտաբով՝ ներդրումների միջազգային շուկայում հաղթող լինելու համար
Հայաստանը պետք է մրցունակ լինի աշխարհի մասշտաբով՝ ներդրումների միջազգային շուկայում հաղթող լինելու համար: Այս մասին նշվել է նախօրեին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերի հանդիպման ժամանակ:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ներկային և ապագա գործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությանը և Հայաստանի ներդրումային միջավայրի հետագա բարելավման խնդիրներին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ իշխանություններն ուրախ են տեսնել, թե ինչպես է ամերիկյան օգնությունը նպաստել Հայաստանում լուրջ արդյունքներ ունենալուն:
Սարգսյանը նշել է, որ տարիների ընթացքում Հայաստանում զգալի աշխատանք է իրականացվել զարգացման համար ամուր հիմքեր ապահովելու ուղղությամբ, և ՀՀ ներկա կառավարության խնդիրը զարգացման տեմպերն էլ ավելի արագացնելն է:
Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը պետք է մրցունակ լինի աշխարհի մասշտաբով՝ ներդրումների միջազգային շուկայում հաղթող լինելու համար։
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը և Ռուբեն Ջեֆերին մասնակցել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Իր ելույթում Պետքարտուղարի տեղակալը կարևորել է Հայաստանի տնտեսության կայունության փաստը և գյուղական աղքատության կրճատման միտումները:
Նա նշել է, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում և ոլորտների ավելի լայն շրջանակ է ընդգրկում:
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանն ու աղքատության կրճատմանը և չեն ապավինում միայն օտարերկրյա պետությունների օգնությանը, այլ որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղի խնդիրները:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-23-ը ԱՄՆ-ում էր՝ պաշտոնական այցով։--0--