ՀՀ նախկին վարչապետը վերականգնել է մարդկային հարաբերությունները նախկին նախագահի հետ, բայց նրանցից յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը չորեքշաբթի լրագրողներից պատմեց ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման մանրամասները։
Երկու քաղաքական գործիչների միջև հարաբերությունները վերջնականապես խզվել էին 1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվել էր, որ Տեր-Պետրոսյանը վերընտրվել է երկրորդ ժամկետով, սակայն Մանուկյանը, որն ընտրություններին մասնակցել էր որպես ընդդիմության միակ թեկնածու, չընդունեց ընտրությունների պաշտոնական արդյունքները։
«Հանդիպման նախաձեռնողը Տեր-Պետրոսյանն էր։ Մեր միջև մարդկային հարաբերությունները վերականգնվեցին, սակայն դա չպետք է ազդի քաղաքական դիրքորոշումների վրա։ Ձեռք չեն բերվել պայմանավորվածություններ կամ փոխադարձ պարտավորություններ։ Յուրաքանչյուրս մնաց իր կարծիքին»,- ասաց Մանուկյանը։
Նախկին վարչապետի խոսքերով, հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ հանրապետությունում բացասական երևույթների հիմքերը դրվել են 1994թ. Տեր-Պետրոսյանի կառավարության օրոք, իսկ ներկայիս իշխանություններն ընդամենը խորացրել են դրանք։
«Խոսքն այն մասին չէ՝ մենք ներել ենք միմյանց, թե ոչ։ Մենք չենք խոսում անձերի մասին, 1996թ. լուրջ դեպքեր տեղի ունեցան, որոնք փոխեցին երկրի քաղաքական կյանքը, և ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար»,- ասաց Մանուկյանը։
Խոսելով Տեր-Պետրոսյանի ավելի քան տասնամյա լռության մասին՝ նախկին վարչապետը հայտարարեց, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը չի կարող հայտարարել, որ իր առաքելությունն ավարտված է։
«Պատասխանատվությունը առաջին նախագահի վրա մնում է մինչև նրա կյանքի վերջը։ Նա պարտավոր է ժամանակ առ ժամանակ հայտնել այս կամ այն հարցի շուրջ իր դիրքորոշման մասին և օգտագործել իր կարգավիճակը՝ արտերկրում ազգային խնդիրները լուծելու համար»,- ասաց Մանուկյանը։ --0—