Սեպտեմբերի վերջին կկայանա Քաջարանի պատվիրակության այցը Բելառուսի Ժոդինո քաղաք

18.09.2007, 14:37
Սեպտեմբերի վերջին կկայանա Քաջարանի պատվիրակության այցը Բելառուսի Ժոդինո քաղաք

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաջորդ շաբաթ կկայանա Քաջարանի պատվիրակության այցը Բելառուսի Ժոդինո քաղաք։

Ինչպես երեքշաբթի Երևանում` Բելառուսի գործնական շրջանակների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Մարինա Դոլգոպոլովան, Քաջարանը և Ժոդինոն 2006 թ.-ից քույր քաղաքներ են։

«Քույր-քաղաքներ դառնալու հիմքում Քաջարանում գտնվող Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային կոմբինատի և Ժոդինոյի «ԲելԱԶ» գործարանի միջև ստեղծված սերտ հարաբերություններն են»,- ասաց նա։

Բացի այդ, Դոլգոպոլովայի խոսքերով, ներկայում Մինսկում՝ «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում է գտնվում հայկական պատվիրակությունը, որն ուսումնասիրում է այդ ձեռնարկության հնարավորությունները և պոտենցիալ առաջարկությունները, որոնք Հայաստան այցի ժամանակ արել էին գործարանի աշխատակիցները։

Դեսպանն ուրախությամբ նշեց, որ նման հարաբերությունները շարունակություն ունեն բոլոր ոլորտներում։

«Դա նպաստում է մեր ժողովուրդների առավել միավորմանը և փոխըմբռնմանը, մշակույթների ներթափանցմանը, փոխհարստացմանը, ընդ որում՝ ոչ միայն առևտրա-տնտեսական հարաբերություններում»,- ընդգծեց նա։

2006թ.-ին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 21,3 մլն. դոլար՝ 2005թ.-ի 15,4 մլն. դոլարի փոխարեն։ 2007թ. հունվար-հուլիս ամիսներին այդ ցուցանիշը հասել է 15,7 մլն. դոլարի, արտահանումը Հայաստանից կազմել է 1,7 մլն. դոլար, իսկ ներմուծումը՝ 14 մլն. դոլար։ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 0,7 տոկոսը։

Բելառուսի պատվիրակության այցը Հայաստան սկսվել է 2007թ. սեպտեմբերի 16-ին և կավարտվի 20-ին։ --0—