Դելիի գլխավոր նախարարը տպավորված է անկախացումից հետո քաղաքական, տնտեսական եւ այլ ասպարեզներում Հայաստանի ունեցած հաջողություններով
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հիմգշաբթի ընդունել է Երեւանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Դելիի գլխավոր նախարար տիկին Շեյլա Դիքշիթին, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության զարգացումից, ինչի վկայությունն են, ըստ նրա, վերջին տարիներին հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում նաեւ Դելիի գլխավոր նախարարի առաջին պաշտոնական այցը մեր երկիր»,-ասված է հաղորդագրությունում:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ տիկին Դիքշիթը նշել է, որ տպավորված է անկախացումից հետո քաղաքական, տնտեսական եւ այլ ասպարեզներում Հայաստանի ունեցած հաջողություններով։
Դելիի գլխավոր նախարարը հայտնել է, որ Հնդկաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանին հետագա առաջընթացի հարցերում` սերտացնելով համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի եւ այլ բնագավառներում:
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը եւս կարևորել է երկու երկրների միջեւ հատկապես տնտեսական կապերի խթանումը, ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը։
Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի գործարանների վերագործարկման նկատմամբ հնդիկ գործարարների հետաքրքրվածության կապակցությամբ:
«Վարչապետը նշել է, որ ի լրումն վերոնշյալ ոլորտների, մեր երկիրը շահագրգռված է զարգացնելու եւ խորացնելու համագործակցությունը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Հնդկաստանի հաջողություններն ակնառու են»,-տեղեկացրեցին հասարակայնության հետ վարչությունից:
Կրթության ոլորտում փոխգործակցության մեջ երկուստեք կարեւորվել են, մասնավորապես, ուսանողների փոխանակման, պետական մակարդակով միմյանց դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերը: --0--