Հայկական երկու հասարակական կազմակերպություններ արժանացել են Կրթության նախարարության ոսկե մեդալների

21.08.2007, 18:51
Հայկական երկու հասարակական կազմակերպություններ արժանացել են Կրթության նախարարության ոսկե մեդալների

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը և «Առաքելություն Արևելք» կազմակերպության ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը արժանացել են Հայաստանի Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների՝ «Կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման համար։

Պարգևները երեքշաբթի Երևանում հանձնեց Հայաստանի Կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը՝ ծրագրի 2003-2007թթ. արդյունքների ամփոփման ժամանակ։

Փոխնախարարի խոսքերով, ծրագիրը հեղափոխական քայլ էր ոչ միայն կրթության, այլև Հայաստանում ավելի մարդասիրական հասարակության զարգացման ճանապարհին։  

«Կարևոր նշանակություն ունի այն, որ Հայաստանի հասարակական կազմակերպություններն արդեն կարող են ազդել պետության քաղաքականության վրա՝ հետևողականորեն զարգացնելով իրենց գործունեությունը»,- ասաց Եսայանը։

Նա նշեց, որ վերջին երեք տարում զգալի արդյունքներ են արձանագրվել կրթական մեկ համակարգից մյուսին՝ «ավելի մարդասիրականին» անցնելու գործում։

«Կան երեխաներ, որոնց պահանջները որոշ չափով տարբերվում են մյուսների պահանջներից, բայց եթե մենք երեխաներին դասակարգենք ըստ նրանց պահանջների, մեզ չի հաջողվի մարդասիրական հասարակություն կառուցել։ Մենք հատուկ պահանջներով երեխաներին պետք է համարենք հասարակության լիարժեք անդամ և վաղ մանկությունից նրանց ինտեգրենք հասարակության մեջ»,-նշեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը ծրագրում է ավելացնել Հայաստանում գործող ներառական համակարգով դպրոցների թիվը՝ հասցնելով դրանք 29-ի։

«Կրթություն բոլորի համար» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2003թ.-ից՝ «Հույսի կամուրջ» և դանիական «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Դանիական միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։—0-