Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում ազգայնամոլական միտումները սրվել են, փորձագետ
Հայ-թուրքական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Ստամբուլում ազգայնամոլական միտումները սրվել են։ Ուրբաթ այս կարծիքը հայտնեց ՀՀ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Եթե մինչև այդ ազգային փոքրամասնությունների նկատմամբ որոշակի հանդուրժողականություն կար, ապա Դինքի սպանությունից հետո սրվել է վերաբերմունքը ոչ թուրքերի և ոչ մուսուլմանների նկատմամբ»,- ասաց նա։
Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ կապված իրավիճակի հետագա զարգացումը պարզ կդառնա երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա միաժամանակ նշեց, որ մեծ է հավանականությունը, որ կհաղթի ներկայիս իշխող կուսակցությունը։
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 22-ին։ Առաջատար է համարվում ներկայիս վարչապետ Էրդողանի կուսակցությունը։
Միաժամանակ, խորհրդարան անցնելու համար 10-տոկոսանոց շեմը, ըստ հարցումների, կհաղթահարեն առնվազն ևս երկու կուսակցություններ՝ ձախակենտրոն Ազգային հանրապետական կուսակցությունը և Ազգայնական շարժում՝ ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը։
«Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։ Դինքին սպանողը խոստովանեց իր հանցանքը, խոստովանագրում նշելով, որ այդ քայլին նրան դրդեցին Դինքի հրապարակումները հայերի ցեղասպանության մասին։
Լրագրողին բազմիցս սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով, նախևառաջ, Թուրքիայի ծայրահեղ աջ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչները։--0—