Amnesty International-ը «արդարադատության նկատմամբ ծաղր» է որակել Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառված դատավճիռը

18.02.2026, 12:31
Ըստ Ստրութերսի ՝ 16 մեղադրյալների դատապարտումը և հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ կայացված դատավճիռը անհամատեղելի են արդար դատավարության միջազգային երաշխիքների հետ
Amnesty International-ը «արդարադատության նկատմամբ ծաղր» է որակել Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառված դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը «արդարադատության նկատմամբ ծաղր» է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը։

Ըստ Ստրութերսի ՝ 16 մեղադրյալների դատապարտումը և հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ կայացված դատավճիռը անհամատեղելի են արդար դատավարության միջազգային երաշխիքների հետ։

«Թեև Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և նմանատիպ հանցագործությունների չկրկնվելու երաշխիքների», -նշել է նա։

Նրա խոսքով՝ այս դատապարտումները վիրավորանք են միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար։

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ դատական նիստերն անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։

Նշվում է նաև, որ «Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

Ստրութերսն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է կատարի մարդու իրավունքների միջազգային իրավունքի իր պարտավորությունները և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք կանգնեն դատարանի առաջ՝ միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ։

Նշենք, որ նախօրեին Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Բաքվի հայ գերիների մասին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

Նշենք, որ 2026թ.-ի հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։