Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի հայկական եկեղեցուց Գարեգին Նժդեհի հուշատախտակը հանելու պահանջը։
Ակտիվիստները պահանջում են ապամոնտաժել Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը։ Այս հարցում նրանց խոստացել է անձամբ օգնել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Ես չգիտեի, որ եկեղեցու տարածքում կան ցուցանակներ։ Կարծում եմ, որ մենք ելնում ենք այն փաստից, որ եկեղեցին պետությունից առանձին է, և դա վերաբերում է կրոնական բոլոր ուղղություններին», – նշել է Զախարովան։
Նա նաև ասել է, որ հարցին գլոբալ մոտենալու դեպքում հարկավոր է վերադառնալ պատմական ակունքներին։
«Այս տեսակետից մենք տվել ենք բոլոր գնահատականները և′ ճեպազրույցների ձևաչափում, և′ ԱԳՆ–ի հատուկ զեկույցում։ Մեր այս գնահատականն ակտուալ է, եթե մոտենալ պատմության տեսանկյունից», – ասել է Զախարովան` ընդգծելով, որ տեղյակ չէ Արմավիրի կոնկրետ դեպքից։–0–