Քամալա Հարիսը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը չորեքշաբթի կապվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Interfax-ը ՝ հղում անելով CNN-ին։
«Հարիսը զանգահարել է նորընտիր նախագահ Թրամփին՝ շնորհավորելու նրան 2024 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Հարիսի ավագ օգնականը։
«Նա քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը և այն, որ Թրամփը լինի նախագահ բոլոր ամերիկացիների համար»,- հավելել է նա։
Հարիսի նախընտրական շտաբի նախագահ Ջեն Օ՛Մալի Դիլոնն իր հերթին հայտարարություն է տարածել իր աշխատակիցների շրջանում այն մասին, որ փոխնախագահը վստահեցրել է Թրամփին, որ նա կաշխատի «իշխանության խաղաղ փոխանցման երաշխիքների վրա, ոչ թե այնպես, ինչպես եղավ 2020թ․–ին»։