«Այն փողերը, որ լափում են, պիտի իսպառ բացակայի», «Մի ջղայնացեք». թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Ազգային ժողովի նիստում կրկին իրավիճակը լարվեց։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին հիշեցրեց, որ ամբիոնից ճանապարհի ձնամաքրման աշխատանքների հետ կապված հարցադրումներ են եղել։
«Ձեր կառավարության բերած սկզբունքների համաձայն տեխնիկան, որ սպասարկում է ճանապարհները, պետք 70-80-ական թվականների չլինի, լավագույն դեպքում էդ «ԶԻԼ»-երն են, մի քանի հոգի էլ դրանց վրա աղ են այս ու այն կողմ շաղ տալիս»,-նշեց Դանիելյանը։
Պատգամավորն ընդգծեց առջևում ձմեռային սեզոն է, ուստի անհրաժեշտ է բարձրացնել ճանապարհների մաքրման աշխատանքների հարցը։
«Կարող է կազմակերպությունը տուգանվում է, ենթադրենք, մեկ միլիոն դրամ, իրեն ձեռք է տալիս, որ այդքան տուգանվի, բայց տասը միլիոն օգուտ անի։ Փոխանակ դա ձեզ հետաքրքրի, ոնց անեք, որ բյուջեից փող պոկելը, կոռուպցիոն ռիսկերը վերացնեք, ուրիշ բաներ եք խոսում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ Գանձաքարի հատվածում երկու կիլոմետր սկսած ճանապարհային աշխատանքները քանդվել են, սակայն դեռ 10-20 կիլոմետր ճանապարհ եղել է սարքելու։
Դանիելյանը վերահաստատում է՝ եթե այդ խնդիրները կան, պետք է խոսել։
«Պատասխանատու կերպով ասում եմ՝ «Ճանապարհային դեպարտամենտը», նաև դրա հետ, եթե չեմ սխալվում, կառավարությունում էլ են համաձայն եղել։ Այն փողերը, որ լափում են, ուտում են, պիտի չլինի, իսպառ բացակայի»,- հավելեց պատգամավորը՝ ավարտելով ելույթը, ինչին ի պատասխան Հակոբ Արշակյանը հորդորեց անցնել մյուս հարցերին։
«Մի ջղայնացեք, պարոն Դանիելյան, անցնենք»,-ասաց Արշակյանը։