Ստեփանակերտում օդանավակայանի գործարկումն ավանդ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. պատգամավոր
Ստեփանակերտում օդանավակայանի գործարկումն ավանդ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ուրբաթ խորհրդարանի ճեպազրույցներում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։
«ԲՀԿ-ն հետևողականորեն սատարում է մեր կառավարության դիրքորոշմանն օդանավակայանի գործարկման վերաբերյալ։ Չեմ կարծում, թե այդ քայլը սադրանք է, որը նպատակ ունի սրելու տարածաշրջանի իրավիճակը։ Հակառակը, օդանավակայանի գործունեությունը, Ղարաբաղի տնտեսության զարգացումը, Հայաստանի և այլ երկրների հետ կապերի ամրապնդումը՝ այս ամենն ավանդ կդառնա կարգավորման գործում»,- ասաց Սաֆարյանը։
Պատգամավորը կոչ արեց դիտարկել այդ հարցը հենց այդ համատեքստում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահի, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, օդանավակայանը կառուցվում է և անպայման կգործի։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարության մասին, որի համաձայն, նրանք կոչ են արել միջազգային կոնվենցիաների պահպանմանը Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ՝ Սահակյանը նշեց, որ օդանավակայանի բացման հարցը դուրս է համանախագահների լիազորությունների շրջանակներից։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել օդանավակայանի գործարկման առնչությամբ՝ դրա հետ շաղկապելով ևս մեկ փաստ՝ Ղարաբաղի անկախության ամրապնդումը տնտեսական և հեռահաղորդակցական հնարավորությունների համատեքստում։
Նրա խոսքով՝ Բաքվի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքները սկսում են անհեթեթ ու ծիծաղելի թվալ, ինչի կապակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է ավելի լուրջ սադրանքների գնալ, անգամ ռազմական գործողությունների հասնող սադրանքների, որպեսզի դուրս գան այն իրավիճակից, որն իրենք են իրենց համար ստեղծել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը մարտի 16-ին լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ ուժ չեն կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:
Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ադրբեջանի սպառնալիքները։ Իսկ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) մտադիր է այդ հարցով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO) դիմել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի կողմից սպասարկվող չվերթի առաջին ուղևորն ինքն է լինելու։ Նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն օդային տարածության օգտագործման իրավունք ունի, և դրանում կասկած լինել չի կարող։
Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պահանջարկի փոփոխության հետ կփոխվեն նաև չվերթերի հաճախականությունը:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-արմենիա» գործակալությանն էր հայտնել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը սկզբնապես օդանավակայանից չվերթեր կիրականացվի Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, սակայն օդանավակայանը կառուցվում է այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու հեռանկարով:---0-

