Ղարաբաղում կնշեն ՀՄՊ Հաղթանակի օրը, Ղարաբաղի բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 16-ամյակը
Լեռնային Ղարաբաղում մայիսի 9-ին կնշվի եռակի տոն՝ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օրը, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման և Շուշի քաղաքի ազատագրման 16-ամյակը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովը համապատասխան աշխատանք է իրականացրել՝ տոնական միջոցառումների նախապատրաստման և անցկացման ուղղությամբ։
Այս պահի դրությամբ բարեկարգվում են մայրաքաղաքի փողոցները, հուշարձանների հարակից տարածքները, կատարվում են այլ աշխատանքներ։
Մայիսի 8-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ կանցկացվի պարգևատրման հանդիսավոր արարողություն, հանդիսավոր ժողով և տոնական համերգ։
Մայիսի 9-ին հանրապետության ղեկավարությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, մտավորականության ներկայացուցիչները, ձեռնարկությունների և կրթական հաստատությունների կոլեկտիվները կայցելեն մայրաքաղաքի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցեն Հայրենական Մեծ Պատերազմում և Ղարաբաղի պատերազմում զոհվածների հիշատակին։
Ծաղիկներ կդրվեն նաև Շուշի քաղաքի մատույցներում գտնվող տանկ-հուշարձանին։ Հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ կկազմակերպվեն տոնական համերգներ, մարզական մրցումներ, ժողովրդական զբոսահանդեսներ, տեղի կունենան Հայրենական Մեծ Պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանների հանդիպումներ Պաշտպանության բանակի զորամասերում, ձեռնարկություններում և կրթական հաստատություններում։
Այդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կկազմակերպի նաև հանդիսավոր ընդունելություն։ Երեկոյան՝ Ստեփանակերտի Վերածննդի կենտրոնական հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ, ինչպես նաև կլինի հրավառություն։-0-

