Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումն Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով

21.03.2022, 23:19
Կան բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը
Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումն Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Շտաբից նշում են, որ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է Արցախի ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։

«Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով: Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-