Ռուսաստանը պարտավոր է հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից՝ Երևանի դեմ ագրեսիայի դեպքում․ ՌՄՀԽ–ի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տարածաշրջանում պահպանվող լարվածության և Ռուսաստանի կողմից դաշնակցային աջակցության վերաբերյալ հայկական հասարակության աճող սպասումների ֆոնին «Նովոստի-Արմենիա»–ն զրուցել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի (РСМД) գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևի հետ։
Գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը նոր ռազմական սրացման դեպքում, գնահատել է Մոսկվայի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ–ի ապագային, դեպի Արևմուտք Երևանի հնարավոր վերակողմնորոշմանն ու երկու երկրների միջև ակտիվ հումանիտար համագործակցության անհրաժեշտությանը։
Տիմոֆեևը գտնվում էր Երևանում՝ «Ռուսաստանի և ԱՄՆ–ի երկխոսությունն ու հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղանին մասնակցելու նպատակով, որը կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։
«Նովոստի-Արմենիա»․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դուք հայտարարել եք, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում...
Ի. Տիմոֆեև. ես նաև կընդգծեի, որ խոսքը ցանկացած երկրի մասին է, որը կիրականացնի ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը պարտավոր է միջամտել այդ հակամարտությանը Հայաստանի կողմից։
«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչ ռազմավարական արժեք ունի այսօր Հայաստանը Ռուսաստանի համար, և արդյոք այն փոխվե՞լ է վերջին տարիներին։
Ի. Տիմոֆեև. կարծում եմ, որ դա, առաջին հերթին, մարդիկ են և մարդկային կապերը։ Արժեքը Ռուսաստանում ապրող հայերն են։ Նրանք մեր մարդիկ են, ովքեր ապրում են այստեղ։ Մենք ունենք շատ խառը ամուսնություններ, ընտանիքներ։ Մենք պարզապես պատմականորեն շատ ենք կապվել միմյանց։ Կարծում եմ՝ դրանից է պետք սկսել։ Հետո, իհարկե, կարելի է թվարկել և՛ աշխարհագրական դիրքը, և՛ քաղաքականը, և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ՀԱՊԿ-ը, և այլն։ Ինձ թվում է, որ այս ամենը կարևոր է, բայց, ամեն դեպքում, երկրորդական է։
«Նովոստի–Արմենիա»․ հայկական հասարակությունը մեղադրում է Ռուսաստանին, որ այն ավելի վճռորոշ աջակցություն չցուցաբերեց հայերին ղարաբաղյան հակամարտությունում։ Ինչպե՞ս դա կբացատրեք։
Ի. Տիմոֆեև․ դե, նախևառաջ, մեղադրում է ոչ թե ամբողջ հասարակությունը, այլ որոշակի դիտորդներ, լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ովքեր ունեն նման տեսակետ և որի իրավունքն ունեն։ Մենք հարգում ենք այս տեսակետը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, կարծում եմ, որ մենք դեռևս փորձում ենք մարսել Խորհրդային Միության ժառանգությունը, դրա փլուզումը, այնտեղ եղած բոլոր հակասությունների հետ միասին։ Եվ Ռուսաստանի համար այս բեռը ամենադժվարն է, քանի որ նրան անհրաժեշտ է կառուցել, ինչ-որ կերպ հավասարակշռել հարաբերությունները տարածաշրջանում, որպեսզի չստեղծվեն նոր հակամարտություններ և ինչ-որ կերպ, քայլ առ քայլ, լուծվեն կուտակված խնդիրները։ Ղարաբաղյան հակամարտությունը դրանցից մեկն էր։

Հիշենք միայն Հարավսլավիայի փլուզումը, սարսափելի արյունալի քաղաքացիական պատերազմը։ Մեզ մոտ որոշ չափով նույնպես տեղի են ունենում նմանատիպ բաներ, միայն ուշացած ազդեցությամբ։ Մենք այն ժամանակ, Խորհրդային Միության փլուզումից հետո, թույլ չտվեցինք, որ դա տեղի ունենա։ Հետո Ղարաբաղում առաջին բռնկումը եղավ, այն սառեցվեց, բայց չլուծվեց։ Մենք անցանք այս հակամարտության ևս մեկ շատ ցավոտ փուլի միջով։
«Նովոստի–Արմենիա»․ այսինքն դուք կարծում եք, որ Ռուսաստանն արեց առավելագույնն, ինչ կարող էր։
Ի. Տիմոֆեև․ կարծում եմ՝ այո։ Եվ, ավելին, ես գիտեմ, որ փորձեր են արվել, նույնիսկ ամենաբարձր մակարդակով ոչ պաշտոնական շփման ժամանակ, հասնել փոխզիջման։ Չի ստացվել։ Պատահում է։ Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել դրա համար. ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական կողմին։ Մենք կարող ենք անվերջ բացատրել միմյանց, բայց պետք է փակել այս հարցը և առաջ շարժվել։
«Նովոստի-Արմենիա»․ տեսնո՞ւմ եք ՀԱՊԿ-ի ապագան այն տեսքով, որով այն հիմա գոյություն ունի՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի հիասթափությունը։
Ի. Տիմոֆեև. ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը մի ձևաչափ է, որը շահավետ է Հայաստանի համար, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնյաները քննադատում են կազմակերպությունը։ Նախ, ես Հայաստանի համար որևէ այլընտրանք չեմ տեսնում։ Երկրորդ, խիստ ասած, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին իրականում ոչինչ չի արժենում։ Անդամավճարները բազմապատիկ ծածկվում են, օրինակ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությամբ, մասնավորապես՝ սպառազինության, զինամթերքի մատակարարմամբ և զինվորական անձնակազմի ուսուցմամբ։ Իհարկե, ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած կազմակերպություն, զերծ չէ թերություններից։ Ինչ–որ պահի դժվարություններ լինում են։ Բայց ամեն դեպքում, ես այլընտրանք չեմ տեսնում։ Գերմանացինե՞րը, թե՞ ֆրանսիացիները կպաշտպանեն Հայաստանը։ Իսկ ի՞նչ կասեք ամերիկացիների մասին։ Երեք տարի շարունակ ամերիկացիները զենք են մատակարարում Ուկրաինային մեզ հետ հակամարտության ընթացքում։ Եվ հիմա նրանք դրա համար գումար են պահանջում՝ վճարեք ձեր հանքանյութերով և ռեսուրսներով։ Եվ նրանք վճարում են։ Ու՞ր կարող են գնալ։ Ես պարզապես չեմ կարող պատկերացնել նման բան ռուս-հայկական հարաբերություններում։ Գլխումս չի տեղավորվում։
Կամ, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դաշնակից Կանադային անվանում է 51–րդ նահանգ։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանն անվանի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Մենք հարգում ենք Հայաստանն ու նրա ինքնիշխանությունը։ Կամ, օրինակ, ուզում են Դանիայից վերցնել Գրենլանդիան։ Լավ, կարո՞ղ եք պատկերացնել, որ Ռուսաստանը բարձրացնի իր դաշնակցից որևէ տարածք խլելու հարց։
«Նովոստի–Արմենիա»․ Մոսկվայում կա՞ն մտավախություններ Հայաստանի դեպի Արևմուտք հնարավոր վերակողմնորոշման վերաբերյալ։ Եվ կարո՞ղ է արդյոք Հայաստանը հավասարակշռված հարաբերություններ հաստատել տարբեր աշխարհաքաղաքական բևեռների միջև։
Ի. Տիմոֆեև. կարծում եմ, որ, իհարկե, նման մտահոգություններ կան։ Օբյեկտիվ տեսանկյունից, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական և տնտեսական միությունն ու փոխգործակցությունն այլընտրանք չունեն։ Պարզապես նայեք Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններին տնտեսական օգուտների տեսանկյունից։
Այլ հարց է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը կառուցում է իր հարաբերություններն այլ երկրների հետ։ Այս հարցում, իմ կարծիքով, խնդիր չկա։ Ինձ թվում է, որ պարզապես պետք է խուսափել այս թեմայի շուրջ շահարկումներից և դրա քաղաքականացումից, հասկանալ այն ծախսերը, որոնք կարող են առաջանալ այլ ոլորտներում։
Օրինակ՝ Հայաստանն ընդունել է Եվրոպական Միությանն անդամակցելուն ուղղված օրենք։ Նայեք Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի փորձին։ Ի՞նչ է կատարվում բնակչության հետ։ Ամբողջ երիտասարդ բնակչությունը Եվրոպական Միությունում է, և այնտեղ մնացել են միայն թոշակառուները։ Նույնիսկ արդեն անվանում կա. «Объединенные прибалтийские вымираты» («Միացյալ Բալթյան անհետացած ժողովուրդներ»)։
Դե, ձեզ դու՞ր է գալիս այս ապագան։ Այս առումով Հայաստանն ավելի խոցելի դիրքում է, քանի որ երկիրը փոքր է, և բնակչության կորուստն այն ավելի խոցելի է դարձնում։ Սա միայն կողմերից մեկն է։ Հետևաբար, իհարկե, այս հարցում պետք է նայել, չքաղաքականացնել ամեն ինչ, ոչ մեկին չսադրել, չշահարկել։ Ես հասկանում եմ, որ քաղաքական խաղերում սա հարմար թեմա է՝ խոստանալ մի բան, որը տեղի կունենա 10-20 տարի հետո, և այդ երազանքը վաճառել այսպես կոչված եվրոպացի ընտրողին։
«Նովոստի-Արմենիա» ․ ինչպե՞ս է այսօր Ռուսաստանում ձևավորվում հասարակական կարծիքը Հայաստանի մասին լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, փորձագետների մակարդակով։ Եվ կարծու՞մ եք, որ անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ համատեղ մշակութային և կրթական նախագծեր։
Ի. Տիմոֆեև․ միանշանակ։ Մենք երկար ժամանակ ունեինք երկու կողմից վստահ լինելու, որ մեր մարդկային կապերն ամեն ինչ որոշում են։ Նշանակում է, որ իբր, տեղեկատվական աշխատանք կատարելու կարիք չկա։ Սա սխալ է, քանի որ առանց նման փոխադարձ տեղեկատվական աշխատանքի, ուրիշները դա կանեն մեր փոխարեն։ Ռուսաստանի և Հայաստանի կերպարը կձևավորի ուրիշ մեկը, ընդ որում ոչ ամենաօբյեկտիվը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ, իհարկե, անհրաժեշտ է ընդլայնել կրթական համագործակցությունը։ Ես կցանկանայի իմ ուսանողների շարքում տեսնել ավելի շատ ուսանողներ Հայաստանից, ինչպես նաև այլ երկրներից, ովքեր մեզ հետ ընկերներ են և բարյացակամ են մեր հանդեպ։

