«Ну-ка, все вместе!»–ի եզրափակչի մասնակից Լուսինե Հարությունովան՝ ՀՀ–ում ֆիլմի նկարահանման, Voice of Turan–ի հաղթող Սյուզաննա Մելքոնյանի և հայկական մեծ ընտանիքի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակչի մասնակից, երգչուհի և երգահան Լուսինե Հարությունովան «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես Հայաստանում իրականացավ դերասանուհի դառնալու իր երազանքը, «հայկական դաստիարակության» դրական ու բացասական կողմերի, ինչպես նաև արտաքինի վերաբերյալ հակասական գնահատականների մասին։
«Նովոստի–Արմենիա»․ առաջին անգամ եք ֆիլմում նկարահանվում։ Իհարկե, կիմանանք, թե որ ֆիլմում, երբ սկսվի ֆիլմի արշավը: Գլխավո՞ր դեր ունեք, թե՞ էպիզոդիկ։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ գլխավոր։
«Նովոստի–Արմենիա»․ դերը կապվա՞ծ է ձեր երաժշտական կարիերայի հետ։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ ոչ, ընդհանրապես։
«Նովոստի–Արմենիա»․ այսինքն ձեր հերոսուհին ֆիլմում չի՞ երգում։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ ոչ։
«Նովոստի–Արմենիա»․ ձեր ամենասիրած հայերեն երգը։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ «Սարերի հովին մեռնեմ» (հատուկ մեր ընթերցողների համար Լուսինեն երգեց այդ երգը, դիտեք նյութի վերջում հրապարակված տեսանյութը)։ Ինձ նաև դուր է գալիս «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունը։
«Նովոստի–Արմենիա»․ արդեն եղե՞լ եք Հայաստանում։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ այո, 2017թ․–ին, երբ դուրս եկա «Հայաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ։
«Նովոստի–Արմենիա»․ Հայաստանում կա՞ ինչ–որ տեղ, որտեղ ոգեշնչվում եք։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ ընդհանրապես, Հայաստանն ինքնին ոգեշնչման վայր է, քանի որ այստեղ մշակույթը շատ բարձր մակարդակի վրա է, մարդիկ «ջերմ» են։ Եվ բնականաբար արյան կանչն է կանչում։
«Նովոստի–Արմենիա»․ եթե ստիպված լինեիք ընտրել ընդամենը մեկ երգ կամ cover և միշտ կատարել այն, ի՞նչ կընտրեիք:
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ ընդհանրապես կողմ եմ օրիգինալ լինելուն, ոչ թե կրկնօրինակ, այնպես որ ամեն դեպքում cover չէր լինի: Վերջերս հրապարակվել է իմ նոր երգը, որը կոչվում է «Ընտանիք։ Միասին կարող ենք ամեն ինչ»: Եվ այն ինձ շատ հոգեհարազատ է, շատ լավ է ընդունվում ունկնդրի կողմից։ Դա ինձ համար շատ կարևոր է։
«Նովոստի–Արմենիա»․ երգը ինքնակենսագրակա՞ն է:
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ երգի նախատիպերը եղել են և կան իրական մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր դարձել են տեսահոլովակի հերոսներ։ Բացի այդ, այս երգն ինձ համար ընտանեկան միասնության ուժի մարմնացում է։
«Նովոստի–Արմենիա»․ այսինքն, ձեր սիրտը դեռ ազա՞տ է:
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ դե այդ հարցին չեմ կարող պատասխանել, մեծ գաղտնիք է։
«Նովոստի–Արմենիա»․ հայկական ընտանիքու՞մ եք մեծացել։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ այո, չափազանց խիստ, պահպանողական հայկական ընտանիքում։
«Նովոստի–Արմենիա»․ երգո՞ղ ընտանիքում։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ իմ ընտանիքում գրեթե բոլորը երաժշտական են: Եվ ձայնն ինձ փոխանցվել է տատիկիցս։ Նա պարզապես հիանալի երգչուհի էր։ Ցավոք, նրա կարիերան չի ստացվել, քանի որ, ինչպես ասացի, դա ընդունված չէր մեր ավանդական ընտանիքում, հատկապես այն տարիներին։
«Նովոստի–Արմենիա»․ էլ ի՞նչ հայկական ընտանեկան ավանդույթներ եք շարունակում։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ ամեն տարի մենք մեծ ընտանիքով հավաքվում ենք Նովոռոսիյսկում՝ մատաղի արարողության։
«Նովոստի–Արմենիա»․ մի անգամ պատմել եք, որ ձեզ հեռացրել են աշխատանքից արտաքինի պատճառով։ Ձեզ երբևէ խանգարե՞լ է հայկական վառ արտաքինը։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ 100%-ով կարող եմ ասել, որ արտաքին, շատերին հանգիստ չի տալիս ։ Իմ բաժանորդներն ու ունկնդիրները բաժանվել են երկու ճամբարի։ Ոմանք արտաքինս համարում են գրեթե սրբանկարչական, իսկ ոմանք, ընդհակառակը, ինչ-ինչ պատճառներով անվերջ քննադատում են ռինոպլաստիկա, բոտոքս և շուրթերի մեծացում չանելու համար, թեև դա այժմ շատ թրենդային է։
«Նովոստի–Արմենիա»․ ձեր հաջողության գաղտնիքը։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ հետևել սեփական ճանապարհին և երբեք չշեղվել նպատակից։ Հաջողությունն անընդհատ առաջ շարժվելն է, դժվարությունները հաղթահարելու, վերջնակետին հասնելու կարողությունը: Դա իսկապես դժվար է, քանի որ կյանքը գծային չէ: Այն մատուցում է բազմաթիվ անակնկալներ, և թե որքանով ես կարողանում հաղթահարել կյանքի դժվարությունները, շատ բան է խոսում քո էության, բնավորության մասին: Եվ իմ կյանքը լի է անակնկալներով, այդ պատճառով ես իմ մեջ զարգացրել եմ այնպիսի որակներ, ինչպիսիք են կամքը, կարգապահությունը: Իհարկե, դաստիարակությունը նույնպես օգնում է շատ առումներով։ Ես դաստիարակվել եմ խիստ կանոններով։ Ավագ դուստրն եմ, և ինձ վրա միշտ մեծ պատասխանատվություն են դրել, ինչն ինձ շատ է օգնել դժվարությունները հաղթահարելու հարցում։
«Նովոստի–Արմենիա»․ այսինքն, այսպես ասած, ավանդական հայկական դաստիարակությո՞ւնն է ձեզ ուժեղ դարձրել։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ այո, ինչ–որ առումներով ուժեղ, որոշ առումներով, իհարկե, երբեմն կաշկանդված էի, քանի որ ինձ թվում էր, թե դա սխալ է, պետք է լինեմ ավելի հնազանդ, հանգիստ, լուռ, իսկ բեմի համար դա շատ տխուր է: Բեմը գորշություն, ձանձրույթ չի սիրում այնտեղ պետք է լինել որքան հնարավոր է վառ, կարողանալ ներկայանալ և շատ բարձր: Հիմա շոու բիզնեսը հիշեցնում է մի դաշտ, որտեղ լսելի է նա, ով ամենաբարձրն է գոռում։ Հետևաբար, մեծամասնությունը գտնվում է «հայպի» գոտում և դրա հաշվին էլ նկատելի է, թեև որպես անհատներ որևէ առանձնահատուկ բան չեն էլ ներկայացնում, իրենց հետևից ոչ մի հետք չեն թողնի։
«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչ կմաղթեք ձեր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ մաղթում եմ բարգավաճում, առաջին հերթին խաղաղ երկինք, հիմա սա ավելի կարևոր է, քան երբևէ։ Եվ ավելի շատ լավ արտիստներ և երաժշտություն:
«Նովոստի–Արմենիա»․ ծանո՞թ եք երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հետ, ով հաղթել է «Ну-ка, все вместе!» շոուում և Voice of Turan–ում։
Լ․ Հարությունովա (ՍՈԼԱՆԺ)․ այո, անձամբ ճանաչում եմ նրան: Երբ անցա նախագծի եզրափակիչ, Սյուզաննան ինձ հետ կապվեց Instagram-ով՝ հարցնելու այս շոուի թակարդների և մասնակցության մասին: Բնականաբար, նրան ամեն ինչ բացատրեցի, և շատ ուրախ եմ, որ նա հաղթեց, քանի որ իսկապես տաղանդավոր է և շատ լավ է երգում։ Ցանկանում եմ, որ նա, ինչպես ցանկացած այլ արտիստ, գտնի իր երգի նյութը, քանի որ Սելին Դիոնի երգերը լավ երգելն, իհարկե, հիանալի է, բայց պետք է գտնել Սյուզաննա Մելքոնյանին, բացահայտել նրան։ Եվ, իհարկե, ես քվեարկել եմ նրա օգտին։