Կռիլով. Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց խաղալ իրավիճակի սրման վրա, սակայն Ղարաբաղում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է
Օգոստոսի 9-ին Սոչիում ծրագրված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի շուրջ սրված իրավիճակը։ Կարելի՞ է կոնկրետ արդյունքներ սպասել Սոչիի հանդիպումներից, հնարավո՞ր է պատերազմական գործողությունների վերսկսում Ղարաբաղում. այս և այլ հարցերի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատասխանեց Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։
Նովոստի-Արմենիա – Պարոն, Կռիլով, Սոչիի առաջիկա հանդիպումից կարելի՞ է ակնկալել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման թուլացում, եթե այո, ապա այդ հարաբերական կայունությունը երկարատև՞ կլինի։
Ա. Կռիլով – Սրման թուլացում կարելի է սպասել Սոչիում նախագահների հանդիպման նախաշեմին և դրանից հետո։ Բոլոր մասնակիցները կջանան դրա համար հնարավորին բարենպաստ ֆոն ստեղծել։ Ինչ-ինչ միջադեպեր հնարավոր են, սակայն դրանք վերևից հրամանի արդյունք չեն լինի։ Հանդիպումը հաջող կլինի, եթե դրա արդյունքը լինի հակամարտության գոտում լարվածության թուլացումը և իրավիճակի կրկին սրմանն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու մասին կողմերի համաձայնությունը։ Սոչիի հանդիպումից հակամարտության երկարատև լուծում սպասելն իրատեսական չէ, և կարծում եմ` նման նպատակ մասնակիցները չեն դրել։
Նովոստի-Արմենիա – Հնարավո՞ր է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում Սոչիում բանակցությունների ձախողման դեպքում։
Ա. Կռիլով - Առավել հավանական է, որ լարվածություն թուլացում կլինի։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել Սոչիում, ապա դա արդեն վկայում է իրավիճակը լիցքաթափելու մտադրության մասին։ Պատերազմի վերսկսումը հավանական չի թվում ներկայիս ռազմա-քաղաքական հավասարակշռության պահպանման դեպքում։ Այն բանի նախանշաններ, որ այդ բալանսը կարող է արմատապես փոխվել այն կողմի օգտին, որը նպատակ է դրել ռևանշը պատերազմում պարտվելու հաշվին, դեռ չի նկատվում։ Հազիվ թե դա տեղի ունենա մոտ ապագայում։
Նովոստի-Արմենիա – Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել նոր պատերազմը Ղարաբաղում, որքա՞ն այն կտևի, ինչպիսի՞ն կլինեն դրա արդյունքները, և ո՞ր երկրները կներքաշվեն դրանում։
Ա. Կռիլով – Հավանական չեմ համարում նոր պատերազմը Ղարաբաղում։ Հայաստանը չի սկսի նոր պատերազմ, քանի որ նրա ղեկավարությունը խաղում է «հաշիվը պահելու» վրա։ Ադրբեջանի ղեկավարության համար պատերազմ սկսելը` առանց հույս ունենալու, որ այն կլինի արագ և հաղթական, որ նրան կաջակցի Թուրքիա, այդ թվում` ռազմական ճանապարհով, անմտություն կլիներ։ Բաքվի ղեկավարությունն ավելի ադեկվատ և պրագմատիկ է, քան 2008թ. ռազմական արկածախնդրություն սկսած Սահակաշվիլին։ Նման ավանտյուրաների արդյունքը չափազանց ակնհայտ է, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունն այն հաշվի չառնի։
Դա չի նշանակում, որ Բաքուն պատրաստ է զիջումների գնալ հայկական կողմին։ Առավել հավանական է, որ Սոչիից հետո Հայաստանի նկատմամբ համակողմանի ճնշման քաղաքականությունը կշարունակվի, և Հայաստանի կողմից զիջումների Բաքվի հույսերը կապված կլինեն հենց այդ պարբերաբար ճնշման հետ, ներառյալ ռազմական բաղադրիչը` սահմանին լարվածության պահպանման տեսքով։
Նովոստի-Արմենիա – Ի՞նչ գործոններ են` ներքին, թե արտաքին, գերակշռում ներկա պահին հակամարտության գոտում։
Ա. Կռիլով – Եվ մեկը, և մյուսը։ Ակնհայտ է, որ նոր պատերազմ սկսելը Բաքվի նպատակը չէ։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների ներկա հակամարտության ֆոնին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց խաղալ իրավիճակի սրման վրա, «մարտով հետախուզում» անցկացնել, տեսնել Հայաստանի և արտաքին ուժերի արձագանքը։ Հետախուզումը ցույց տվեց, որ Հայաստանի արագ կապիտուլյացիա ակնկալել պետք չէ, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության գործոնը և նրա անվտանգության ռուսական երաշխիքները ուժի մեջ են, որ Բաքուն չի կարող այլ պետությունների կողմից ուժային կարգավորման հույս ունենալ։
Նովոստի-Արմենիա – Ի՞նչ եք կարծում, ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառե՞լ է իրեն, և հնարավո՞ր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ձևաչափեր։
Ա. Կռիլով – Բանակցային գործընթացում փակուղին պայմանավորված չէ ՄԽ ոչ արդյունավետությամբ։ Նոր ձևաչափեր հնարավոր են, սակայն դրանք նույնպես ոչինչ չեն որոշի։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության կողմերը չեն նահանջել իրենց ներկայիս` փոխադարձ բացառող դիրքերից և հակառակ կողմի լիակատար կապիտուլյացիայի հույսից։ Միանգամայն անիրական են այն հույսերը, թե միջնորդները հակառակորդի նման կապիտուլյացիա կապահովեն Եթե ընտրություն է կատարվում խաղաղ կարգավորման օգտին, ապա պետք է հաշտեցման պայմաններ ստեղծել։ Դեռ նման բան չի արվում, լարվածության իջեցման փոխարեն թշնամության աճ է կատարվում։
Ընդ որում, եթե նայենք ինտերնետային ֆորումները, ապա փոխադարձ անհաշտության և անգամ ատելության մակարդակը չափազանց բարձր է։ Նման հասարակական տրամադրությունների դեպքում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների կողմից ցանկացած զիջում, նրանց ետ քայլն անհաշտ դիքերից ինքնասպանության պես կլիներ։ Պետք է սկսել հասարակական տրամադրությունների փոխելուն ուղղված աշխատանքից, խնդրի խաղաղ կարգավորման համար հիմք ստեղծելուց։ Եթե դա տեղի ունենա, այդ ժամանակ նաև ՄԽ և բոլոր հնարավոր միջնորդների աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա։ --0--

