Ռոման Բալայանը կինո չի գնում, սակայն կինոփառատոններ սիրում և աջակցում է
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, երազում և արթմնի թռիչքների, կինոյի և սեփական ստեղծագործական ծրագրերի մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, որի լավագույն ֆիլմերը, իր իսկ կարծիքով, «Թռիչքներ երազում և արթմնի» և «Պահպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմերն են:
«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ է Ձեզ համար «Ոսկե ծիրան» փառատոնը:
Ռ. Բալայան – Հիանալի փառատոն է: Ափսոս, որ այն անցկացվում այս շոգ եղանակին: Կարծում եմ, որ Հարություն Խաչատրյանը Հայաստանում հիանալի բան է անում: Այս փառատոնի շնորհիվ Հայաստանն ինտեգրվում է համաշխարհային կինոհանրության մեջ, իսկ հայ հանդիսատեսը շատ բան է իմանում: Շատ հաճելի է տեսնել երիտասարդներին, ովքեր երեկոյան կինոդիտման են գալիս:
«Նովոստի-Արմենիա» - «Ոսկե ծիրան 2014»-ն առանձնահատկություն ունի՞։
Ռ. Բալայան – Փառատոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Ինձ հաճելի էր, երբ հայտնի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը բեմից ասաց, որ շոյված է ստանալու հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մրցանակը:
«Նովոստի-Արմենիա» - «Ոսկե ծիրանին» ներկայացված ո՞ր ֆիլմն է Ձեզ ամենից շատ դուր եկել և ինչու՞
Ռ. Բալայան – Պետք է խոստովանեմ, որ ոչ մի ֆիլմ չեմ դիտել: Ես սիրում եմ հենց փառատոնը, դրա ոգին: Չեմ հոգնում կրկնել փառատոնը փակելու անթույլատրելիության մասին և կոչ եմ անում օգնել կազմակերպիչներին: Ես ընդհանրապես կինո չեմ գնում: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ ինձ համոզում են ժյուրիի անդամ դառնալ: Սակայն ես երեք տարի խույս եմ տալիս նման առաջարկներից: Իհարկե, երեկ ինձ վրացիները համոզեցին Բաթումիի փառատոնի ժյուրիի նախագահը լինել:
«Նովոստի-Արմենիա» - Ձեր ստեղծագործական ծրագրերը, ի՞նչ աշխատանք եք այժմ իրականացնում։
Ռ. Բալայան – Հիմա ինձ վրա եմ աշխատում: Երկու անավարտ սցենար ունեմ: Դրանք անավարտ են, քանի որ չգիտեմ, թե ում համար դրանք նկարահանեմ: Վարձույթ չկա: Իսկ ես երիտասարդ չեմ, ով ձգտում է մասնակցել փառատոնի, ես ուզում եմ աշխատել մեծ լսարանի համար:
«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչի՞ մասին են ֆիլմերի սցենարները:
Ռ. Բալայան- Առաջին հայտնի վիրաբույժի մասին է, ով վիրահատում է իր ընկերոջ երեխային, ում նա շատ է սիրում: Տարրական վիրահատությունն ավարտվում է վիրահատական սեղանի վրա երեխայի մահով: Այդ ողբերգական դեպքից հետո վիրաբույժը հեռանում է կլինիկայից: Սակայն մի օր մի տարօրինակ աղջկա է հանդիպում, և նրա կյանքը ձեռք է բերում նոր իմաստ: Հանդիսատեսը մինչև ֆիլմի ավարտը չի կռահում, որ աղջիկը փախել է հոգեբուժարանից և ընդունում է նրան որպես նորմալ մարդ: Այս ֆիլմը կարեկցանքի մասին է: Երկրորդ սցենարն անդրադառնում է Դաունի համախտանիշով տառապող երեխաներին՝ տղա և աղջիկ: Ընդհանուր առմամբ ինձ հետաքրքրում է թշվառ մարդկանց թեման: Դրանք են անօթևանները, դաունները, աղքատները և այլն: Ազնիվ մարդը պետք է մտածի նրանց մասին: Նրանք ստորացված, վիրավորված մարդիկ են: Ես, որպես ունևոր մարդ, չեմ կարողանում անտարբեր անցնել աղբամանում ինչ-որ բան փնտրող մարդու կամ անօթևանի կողքով: Անպայման կմոտենամ, որպեսզի օգնեմ:
«Նովոստի-Արմենիա» - Կցանկանայինք լսել Ձեր տեսակետը ժամանակակից համաշխարհային կինոյի զարգացման միտումների հարցում:
Ռ. Բալայան- Կինոն արվեստ է և բիզնես: Ամեն տարի աշխարհում հայտնվում է տասը գլուխգործոց: Այլ բան է, թե արդյոք մենք տեսնու՞մ ենք այդ գլուխգործոցները: Վարձույթում դրանք չկան: Կցանկանայի, որպեսզի նման գլուխգործոցներ ստեղծվեն նաև Հայաստանում, որպեսզի աշխարհում հայտնի լինեն հայկական անունները, ընդ որում հենց Հայաստանում ապրող և աշխատող մարդկանց անունները:
«Նովոստի-Արմենիա» - «Թռիչքներ երազում և արթմնի» և «Պահպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմերում գլխավոր դերակատար, հիանալի դերասան Օլեգ Յանկովսկին կարծում էր, որ Ձեր ֆիլմերում ներկայացված են մեծ երկրի ողջ սերնդի ցավոտ պահերը: Վերջին տարիներին Դուք չեք նկարահանում: Դա նշանակում է, որ ցավոտ պահերը քչացե՞լ են:
Ռ. Բալայան- Ինձ համար անհետաքրքիր է դարձել: Ինձ հետաքրքիր էր խորհրդային տարիներին, ես նյութերի դիմադրության սկզբունքով եմ դաստիարակվել: Ինձ դուր չէր գալիս խորհրդային իշխանությունը, և երևակայությունն աշխատում էր: Ֆիլմեր էի նկարահանում մտավորականության վիճակի մասին, ինչպես՝ «Թռիչքներ երազում և արթմնի», «Պահպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմերը: Ինձ անքան էլ հետաքրքիր չէ նկարահանել պարզապես սիրո և խարդավանքի մասին:
«Նովոստի-Արմենիա» - Ո՞րն է ձեր սիրած գիրքը:
Ռ. Բալայան - «Հարյուր տարվա մենությունը» և «Շանտարամը», որը մի մարդու ցնցող կենսագրություն է, որին դու նախանձում ես:
«Նովոստի-Արմենիա» - Ո՞վ է ձեր սիրած դերասանը:
Ռ. Բալայան – Չառլի Չապլինը:
«Նովոստի-Արմենիա» - Սիրած ռեժիսո՞րը:
Ռ. Բալայան - Համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել Բերգմանը, Ֆելինին, Անտոնիոնին:
«Նովոստի-Արմենիա» - Ձեր սիրած մեջբերումը կամ աֆորիզմը:
Ռ. Բալայան – Ինձ դուր է գալիս Պիկասոյի արտահայտությունը՝ «Արվեստը սուտ է, որն օգնում է մեզ հասկանալ ճշմարտությունը»:
«Նովոստի-Արմենիա – Դուք մի անգամ ասել եք, որ ֆիլմի երջանիկ ավարտը հույս է ներշնչում, օգնում է շարունակել ապրել:
Ռ. Բալայան- Կարծում եմ, որ եվրոպական կինոն, ինչպես խորհրդայինը, պետք է սովորի happy-end էր անել: Պետք է սովորի, ինչպես ես եմ ասում՝ «Կաբիրիայի ժպիտ» ստեղծել: Հիշու՞մ եք Ֆելինիի «Կաբիրիայի գիշերները» ֆիլմի այն դրվագը, երբ թեթևաբարո կինը, արտասվելով, քայլում է մայրուղով: Եվ հանկարծ կադրում հեծանվորդներ են հայտնվում, ովքեր սկսում են պտտվել նրա շուրջը, և կինը մի պահ ժպտում է: Դա ոչինչ չի որոշում, սակայն հանդիսատեսը ժպտում է նրա հետ միասին: Հարկավոր է, որպեսզի հանդիսատեսը կինոթատրոնից դուրս գալիս տեսնի ինչ-որ ելք, չէ՞ որ կյանքն առանց այդ էլ բարդ է:
«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչն է օգնում Ձեզ ապրել և աշխատել:
Ռ. Բալայան- Իմ թեթևամտությունն ու կենսասիրությունը: Ես թեթև մարդ եմ: Ես ինձ մեծ ռեժիսոր չեմ համարում, սակայն դա ինձ չի վիրավորում: Միշտ պետք է քուն մտնել՝ իմանալով, որ ամեն դեպքում առավոտ է լինելու, կինոյի մարդկանց համար՝ կինոյի առավոտ: Հարկավոր է հույսով նայել վաղվան, եթե անգամ գիտես, որ ոչինչ չի փոխվի:-0-

