ՀՀ նախագահը սատարել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ոչ թե Ղրիմի բռնի միացումը. Լեհաստանի դեսպան

21.03.2014, 14:36
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցում սատարել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ոչ թե Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ, կարծում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
ՀՀ նախագահը սատարել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ոչ թե Ղրիմի բռնի միացումը. Լեհաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցում սատարել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ոչ թե Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ, կարծում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։

«Իսկապես կարծու՞մ եք, որ դա աջակցություն է Ռուսաստանի դիրքորոշմանը։ Դա աջակցություն էր ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին, ոչ թե Ղրիմի բռնի միացմանը»,– ասաց Ռաչինկսին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագաները մարտի 19-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Միաժամանակ դեսպանը դժվարացավ պատասխանել հարցին, թե Եվրամիության դիրքորոշումը կարո՞ղ է փոխվել ռուս դաշնակիցների նկատմամբ Ղրիմում Ռուսաստանի գործողությունների պատճառով։

«Չեմ կարող ասել, դա քաղաքականություն է։ Որոշ որոշումներ չեն ընդունվում պահի ազդեցության տակ կամ մի պետության կողմից, դա միշտ համաձայնեցվում է Եվրամիության 28 պետության հետ»,– ասաց նա։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Պետխորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին մարտի 18–ին պայմանագիր են ստորագրել, որի համաձայն «Ղրիմի հանրապետությունը համարվում է ընդունված Ռուսաստանի Դաշնության կազմում»։ -0-