Ղարաբաղյան խնդրի և Ղրիմի միջև տարվող զուգահեռներն անտեղի են. Զաքարյան
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի և Ղրիմի միջև տարվող զուգահեռներն անտեղի են, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Արտակ Զաքարյանը։
«Կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի հետ զուգահեռներ տանելն անտեղի է, քանի որ Ղրիմի դեպքում մենք գործ ունենք մի պետության կազմից մեկ այլ պետության կազմ անցնելու հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում կայացած ինքնիշխան պետության միջազգային ճանաչման խնդիր է»,– «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Զաքարյանը։
Ըստ նրա, ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատուկ պատճառներն ու նախադրյալները` պատմական, էթնոքաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ–տնտեսական, մշակութային և այլն։
Զաքարյանը միաժամանակ ավելացրեց, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նման խնդիրների լուծման առավել ընդունելի ձևը խաղաղ գործընթացներն են` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման վրա։
Խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին` պատգամավորը նշեց, որ դա Ուկրաինայի արտաքին և ներքին քաղաքական գործընթացների շուրջ ծավալված հերթական փուլ էր, և դրա արդյունքներն անակնկալ չէին։
«Իմ տպավորություններով, հանրաքվեի գործընթացն ի սկզբանե սպասելի էր Ուկրաինայի ներքաղաքական գործընթացների համատեքստում»,– նշեց նա։
Կիրակի Ղրիմի կարգավիճակի հարցը վճռելու համար հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմի հանրաքվեն ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ–ի կանոնադրությանը, իսկ դրա արդյունքները` թերակղզու ապագայի որոշման ելակետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանել է միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի կանոնադրությանը։ -0-

