Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն անընդունելի է համարել Բաքվի առաջարկությունները «Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների» միջև հանդիպումների անցկացման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի «հայկական և ադրբեջանական համայնքների» միջև: Պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի խոսքով, «դա անհրաժեշտ է կողմերի միջև վստահության ստեղծման համար», և, քանի որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն իբր «Ադրբեջանի քաղաքացիներ են», հանդիպումը կարող է անցկացվել Բաքվում:
«Պաշտոնական Բաքուն ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով: Կարծում եմ՝ դա անլուրջ մոտեցում է: Ավելին, իր այս պահվածքով Ադրբեջանն ավելորդ անգամ իրեն անհարմար դրության մեջ է դնում»,- ասել է Բաբայանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական» կամ «հայկական» համայնք հասկացությունը:
«Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եթե պաշտոնական Բաքուն ցանկանում է կարգավորել ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, ապա նա անպայման պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին երկկողմ հանդիպումների վերսկսման համապատաասխան խնդրանքով»,- ասել է Բաբայանը:
Նա նկատել է, որ ղարաբաղյան կողմը դեմ չէ Բաքվի հետ երկկողմ բանակցություններին առանց որևէ, այսպես կոչված, համայնքային կամ այլ ձևաչափերի: «Սա ոչ միայն անընդունելի է մեզ համար, այլ պարզապես ծիծաղելի է»,- ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը դիմի պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների անցկացման առաջարկություններով, ապա Ղարաբաղը կմտածի այդ մասին: «Հնարավոր է` առաջին հանդիպումն անցկացվի Բաքվում, այնուհետև՝ Ստեփանակերտում կամ այլ վայրերում, բայց դա պետք է կատարվի երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների, այսինքն՝ Արցախի և Ադրբեջանի միջև»,- նշել է Բաբայանը:
Նա կարծում է, որ համայնքների միջև հանդիպում անցկացնելու առաջարկով Ադրբեջանը ցանկանում է ավարտվող տարում ցույց տալ իր ակտիվությունը, բայց դա անում է չափազանց ոչ համոզիչ կերպով՝ հանդես գալով ոչ կառուցողական առաջարկներով: «Դա նախատեսված է ներքին հանդիսականի համար, ուրիշ ոչ ոքի»,- ասել է Բաբայանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-