Մոլդովայում Հայաստանի կողմից զենքի գնումը ՎՈՒԱՄ-ի ամորֆ լինելու և Երևանի ակտիվ քաղաքականության ցուցանիշն է

22.09.2011, 17:53
Մոլդովայում Հայաստանի կողմից զենքի գնումը ՎՈՒԱՄ-ի ամորֆ լինելու և Երևանի ակտիվ քաղաքականության ցուցանիշն է
Մոլդովայում Հայաստանի կողմից զենքի գնումը ՎՈՒԱՄ-ի ամորֆ լինելու և Երևանի ակտիվ քաղաքականության ցուցանիշն է

Հայաստանի կողմից Մոլդովայում հրթիռային և այլ սպառազինության խոշոր խմբաքանակի գնման մասին տեղեկությունը վկայում է ՎՈՒԱՄ-ի ամորֆ լինելու և ամենատարբեր երկրների հետ ռազմական ոլորտում համագործակցելու Երևանի ունակության մասին, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

ՎՈՒԱՄ-ը միջազգային կազմակերպություն է՝ ստեղծված 1997 թ.-ի հոկտեմբերին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի կողմից (1999-2005 թթ.-ին կազմակերպության կազմում է եղել նաև Ուզբեկստանը)։ Կազմակերպության անվանումը ստացվել է դրա կազմում ընդգրկված երկրների անվանումների առաջին տառերից։ Մինչև Ուզբեկստանի դուրս գալը այն կոչվում էր ՎՈՒՈՒԱՄ։  

«Բացի զուտ ռամզական բաղադրիչից, բավականին հետաքրքիր ու հատկանշական  ցուցանիշ է այն, որ ՎՈՒԱՄ-ի կազմում ընդգրկված և այդ կառույցին ակտիվ մասնակցող երկիրը սպառազինություն է վաճառում, որը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հիպոտեթիկ մեկնարկի դեպքում կօգտագործվի Ադրբեջանի դեմ»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ դա հենց ՎՈՒԱՄ-ի բավականին ամորֆ լինելու ցուցանիշն է, միաժամանակ այն բանի օրինակն է, որ Հայաստանը ռազմատեխնիկական ոլորտում կարող է համագործակցել այդ տարածաշրջանի պետությունների հետ:

«Քաղաքական նշանակության իմաստն այն է, որ Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում ոչ միայն ՀԱՊԿ-ի իր գործընկերների և բարեկամների, այլ ՎՈՒԱՄ-ի երկրների և այլ պետությունների հետ: Մոլդովայի դեպքում սա բավականին վառ օրինակ է, հատկապես հաշվի առնելով այն, որ բավականին ժամանակակից հրթիռային սպառազինություն է մատակարարվել»,- ասաց Մինասյանը:

Ավելի վաղ մոլդովական ԶԼՄ-ները հաղորդել էին Հայաստանին զինամթերքի մատակարարումների մասին: Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցայի խոսքով՝ երկրի ղեկավարությունն իրազեկվել է սպառազինության վաճառքի մասին, պահպանվել են ինչպես Մոլդովայի օրենսդրությունը, այնպես էլ միջազգային կոնվենցիաները: -0-