Ղարաբաղյան խոհանոցը շատ է հետաքրքրել մոսկվացիներին

19.04.2011, 18:59
Ղարաբաղյան խոհանոցը շատ է հետաքրքրել մոսկվացիներին
Ղարաբաղյան խոհանոցը շատ է հետաքրքրել մոսկվացիներին

Ապրիլի 20-30-ը Մոսկվայում կանցկացվի ղարաբաղյան խոհանոցի «Ժինգյալով հաց» փառատոնը: Առաջին անգամ Մոսկվայի համադամասերներին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոհանոցի հարստությունն ու բազմազանությունը: Տասը օրվա ընթացքում մոսկվացի հայտնի ռեստորանատեր Գայանե Բրեիովան (Աֆյան) ղարաբաղցի խոհարարների թիմի հետ կներկայացնի սեղանի պարծանքը՝ «Ժինգյալով հացը»:

Բացի ղարաբաղյան հայտնի հացից, խոհարարները կներկայացնեն տարածաշրջանի նաև այլ ճանաչված կերակրատեսակներ՝ կուրկուտ մսով, կարմիր լոբով պաշտետ, դանդուռ սխտորով և լոլիկով, ավելուկ, ձյումջակ պանրով և կանաչիով, իր երկարակեցությամբ հայտնի լեռնային շրջանների բանկիչների լեգենդար ըմպելիք՝ թան։ Որպես աղանդեր հյուրերին կառաջարկեն հայտնի «Կյաթա», առանց որի չի անցնում ղարաբաղցիների և ոչ մի տոն, ինչպես նաև ավանդական կտորներով շաքարը, տապակած ընկույզ, չիր և ուրցով թեյ։

«Նա լեստնիցե» Սիթի կաֆեի և «La Scaletta» օստերիայի տեր Գայանե Բրեիովան «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է առաջիկա փառատոնի մասին

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս ծագեց փառատոն կազմակերպելու  գաղափարը։

Գ. Բրեիովա - Յոթ տարվա գոյության ընթացքում «Նա լեստնիցե» Սիթի կաֆեում հաճախ են տարբեր փառատոներ անցկացվել, օրինակ՝ կիպրոսյան, չեխական, իտալական, վիետնամական խոհանոցների, և այդ պատճառով մեզ համար շատ տրամաբանական էր ղարաբաղյան խոհանոցի փառատոն կազմակերպել գաղափար առաջարկելը, քանի որ տվյալ խոհանոցը շատ հարազատ է ինձ։ Ես ուրախությամբ հյուրերի հետ կիսում եմ իմ գաստրոնոմիական գիտելիքներով և այդ խոհանոցի նկատմամբ ունեցած  սիրով։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ եք կարծում, մոսկվացիներին կհետաքրքրի՞ ղարաբաղյան խոհանոցը։

Գ. Բրեիովա - Այո, այն շատ է հետաքրքրել մոսկվացիներին, և մենք արդեն շատ զանգեր ենք ստացել և փառատոնի ողջ ժամանակահատվածում սեղանների պատվերներ ունենք: 

«Նովոստի-Արմենիա» - Ինչպես հայտնի է, ղարաբաղյան ուտեստները յուրահատուկ են և հատուկ բաղադրիչներ են պահանջում։ Արդյո՞ք այդ բաղադրիչներն ուղիղ Ղարաբաղ են առաքվելու։

Գ.Բրիեովա - Բարեբախտաբար, բոլոր մթերքները մենք գտել ենք Մոսկվայում, մի եզակի շուկա կա, որտեղ կա այն ամենն, ինչ սիրտդ ուզում է, իսկ ալկոհոլային ապրանքը մեզ տրամադրել են ղարաբաղյան օղի, գինի և կոնյակ բերող ընկերությունները։

«Նովոստի-Արմենիա» - Մտադի՞ր եք ղարաբաղյան ուտեստները թողնել ձեր կաֆեի ճաշացանկում։

Գ.Բրեիովա - Չեմ կարող ասել` այդ ուտեստները կմնա՞ն հիմնական ճաշացանկում, թե ոչ,  քանի որ ուտեստների ներմուծման գործընթացը կատարվում է հետևյալ կերպ՝ փառատոնից հետո մենք վաճառքի վերլուծություն ենք անցկացնում և ամենահանրաճանաչ ուտեստները թողնում ենք ճաշացանկում, ինչպես նաև գոյություն ունի սեզոնային մթերք և ուտեստ հասկացությունը։

«Նովոստի-Արմենիա» - Փառատոնի շրջանակներում նաև ծրագրվում է մշակութային ծրագրի անցկացում։ Պատմեք, խնդրում եմ, այդ մասին։

Գ.Բրեիովա - Փառատոնի բոլոր տասը օրերի ընթացքում մեզ մոտ գործելու է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի նկարների ցուցահանդեսը։ Բացի այդ, մշակութային ծրագիրը նախատեսում է Արթուր Ամիրյանի և «Բոլշոյ պրազդնիկ» («Մեծ տոն») խմբի, կլառնետիստ Իգոր Միրզոյանի, մանկական Եվրատեսիլ-2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի ելույթները։ Նաև ծրագրվում է «Հովիկ Ստուդիո» հայկական անսամբլի մասնակցությամբ պարային շոու։ Մենք նաև ցանկանում ենք հյուրերին ներկայացնել Բորիս Բարատովի հետ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» գիրքը։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ այլ խոհանոցային փառատոներ եք ծրագրում կազմակերպել։

Գ.Բրեիովա - Մայիս ամսին մենք «La Scaletta» օստերիայի և «Նա լեստնիցե» Սիթի կաֆեի համար իտալացի շեֆ խոհարարի նոր ամառային առաջարկն ենք պատրաստում, իսկ սեպտեմբերին կսկսեմ մտածել, թե էլ ինչով կարող ենք ուրախացնել մեր հյուրերին։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս են ընդհանուր առմամբ Մոսկվայում վերաբերվում հայկական խոհանոցին։ Ո՞ր ուտեստներն են հատկապես դուր գալիս մոսկվացիներին։

Գ.Բրեիովա - Շատ դրական։ Հայկական խոհանոցը սիրում են, բոլորին դուր է գալիս բանջարեղենի, խորովածների առատությունը, տոլման, խաշլաման, լավաշը, մեր պանիրները։ Իսկ ընդհանրապես ամենակարևորն այն է, որպեսզի ամեն ինչ սիրով պատրաստվի, այդ ժամանակ ոչ ոք անտարբեր չի մնա մեր հիանալի խոհանոցի նկատմամբ։ -0-