Հայ ժողովուրդը միշտ հոգատարությամբ է վերաբերվել հայ-ռուսական պատմության հուշարձաններին
Հուշահամալիրի վերականգնման նախաձեռնության հեղինակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է, իսկ նախաձեռնությունն իրականացնում է մեր կազմակերպությունը: Մենք արդեն իրագործել ենք նմանատիպ նախագիծ 2010թ.-ին: Դա Գյումրի քաղաքում «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաստեղծումն էր, որտեղ հանգչում են XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուս սպաների մարմինները: Նոր հուշահամալիրի բացումը նախատեսված է ապրիլի կեսին:
«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս ընկալվեց այդ գաղափարը Հայաստանում, ո՞վ աջակցեց հուշահամալիրի վերականգնմանը:
Ա. Նիկողոսյան. Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցեցին հայ ուսանողներ և երիտասարդական կազմակերպություններ: Նախորդ շաբաթ մեծ ակցիա անցկացրեց Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը: Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն մինչև հուշահամալիրի բացումը, և ես հուսով եմ, որ դրանք շարունակական բնույթ կկրեն, քանի որ կարևոր է ոչ միայն նմանատիպ հուշահամալիրների բացման փաստը, այլև ապագայում դրանց պահպանումը:
Հայ ժողովուրդը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել պատմամշակութային արժեքներին, այդ թվում` նաև ռուսական արժեքներին, ինչի վկայությունն է դարավոր համատեղ պատմությունը: Սա մեր պարտքն է, չէ՞ որ հազարավոր ռուս զինվորներ դարերի ընթացքում զոհել են իրենց կյանքը պատերազմների ժամանակ՝ օգնելով հայ ժողովրդին: Այդ պատճառով մենք պարտավոր ենք հատուկ ուշադրություն դարձնել նմանատիպ հուշահամալիրների վերականգնմանը:
«Նովոստի-Արմենիա». «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: Այս անգամ ո՞վ կմասնակցի բացման արարողությանը:
Ա. Նիկողոսյան. Կարծում եմ, որ հուշահամալիրը կբացվի Հայաստանի և Ռուսաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իսկ կոնկրետ ով և որ օրը կմասնակցի արարողությանը, հայտնի կդառնա առաջիկայում, այդ մասին կտեղեկացվի մամուլում: Հուշահամալիրի բացումը նվիրված է ապրիլին նախատեսված հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, որի շրջանակներում կկազմակերպվի արդյունաբերական նորարարությունների ցուցահանդես:
«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն է «Պատվո բլուր» հուշահամալիրի ճակատագիրը հանդիսավոր բացումից հետո: Հաճախու՞մ են, արդյոք, այնտեղ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն ու ռուսական պատվիրակությունները:
Ա. Նիկողոսյան. 2011 թ.-ին Հայաստանը զբոսաշրջության զարգացման ուղղվածություն է վերցրել: Նախնական հաշվարկների համաձայն՝ միայն մայիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան կայցելի շուրջ 10 հազար զբոսաշրջիկ:
Մեր կողմից վերականգնած հուշահամալիրները ևս ներառվել են պատմամշակութային տեսարժան վայրերի ցանկում, և, իհարկե, Հայաստան այցելող ռուսական պատվիրակություններն այցելում են «Պատվո բլուր»:
«Նովոստի-Արմենիա». «Պատվի գործ» կազմակերպությունը ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անցկացնել հետագայում:
Ա. Նիկողոսյան. «Պատվի գործ» կազմակերպությունը հետագայում իրականացնելու է նոր նախագծեր: Մենք բազմաթիվ անգամ այդ մասին հայտարարել ենք, և ի տարբերություն այլ հիմնադրամների՝ միշտ իրականացնում ենք նախատեսված նախագծերը:
Հարկ է նշել, որ չնայած մեր նախագծերի ֆինանսավորումն իրականացնում է ռուսական կողմը՝ Հայաստանի մշակույթի և պաշտպանության նախարարությունները մեծ աջակցություն են ցուցաբերում մեր աշխատանքին: Բացի այդ, հենց սկզբից հուշահամալիրի վերականգնմանը մեծ ուշադրություն է դարձրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և մինչև շինարարության ավարտը այս նախագիծը կգտնվի նրա անմիջական ուշադրության ներքո: -0-

