Ավելի քան 200 անհայտ կորած անձ է հաշվառված ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ցուցակում

18.03.2011, 18:16
Ավելի քան 200 անհայտ կորած անձ է հաշվառված ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ցուցակում
Ավելի քան 200 անհայտ կորած անձ է հաշվառված ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ցուցակում

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ՀՀ հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

«Նովոստի-Արմենիա/. Պրն Կապրիելյան, կարելի՞ է խոսել այն մասին, որ Ադրբեջանում պահվող գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացում առաջընթաց կա: Որևէ դրական շարժ կա՞ Բաքվի կողմից:

Ա.Կապրիելյան. Ինչ վերաբերում է շարժերին, ապա պետք չէ մոռանալ աստրախանյան համաձայնագրերը, որոնք կնքվել են դեռ 2010թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո միակ բանը, ինչն արժանի համարեցին ադրբեջանական իշխանությունները՝ Մանվել Սարիբեկյանի դիակը վերադարձնելն էր: Այնուհետև երկար լռություն էր, և ահա Սոչիի հանդիպումն ու փաստացիորեն մեկ քաղաքացիական անձի՝ Արթուր Բադալյանի վերադարձման առաջին դեպքը:
Ես մեծ հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը համագործակցության միտում կդրսևորի:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում հայկական կողմը:

Ա.Կապրիելյան. Մենք միշտ կատարել ենք բոլոր պարտավորությունները, որոնք դրված են եղել միջազգային մարդասիրական իրավունքի կողմից: Մեր կողմից երբեք ոչ մի ձախողում, գործընթացի բանակցությունների ոչ մի անհիմն ձգձգում, ոչ մի սադրանք չի եղել: Ես այդ մասին բազմաթիվ անգամ խոսել եմ նաև նախկինում:

«Նովոստի-Արմենիա». Բաքուն հայտնում է երրորդ կողմին երեք հայ ռազմագերիներ փոխանցելու մասին: Դուք ինչ-որ տեղեկություն ունե՞ք:

Ա.Կապրիելյան. Ինչպես նախկինում հնչեցրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, Ադրբեջանական Հանրապետության Պաշտպանության նախարարությունից ոչ մի հաղորդագրություն դեռ չի եղել: Ես կարող եմ ասել, որ գերիների փոխանակման ընթացակարգի ժամանակ ես զրույց եմ ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Սամետովի հետ, ով դեմ առ դեմ, բանավոր կարգով հաստատեց ինձ այդ տեղեկությունը:

«Նովոստի-Արմենիա». Դուք շատ անգամներ հայտարարել եք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվն ավելի շատ է, քան դա պաշտոնապես ճանաչվում է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Ա.Կապրիելյան. Բնականաբար: Մենք քիչ թե շատ հավաստի տեղեկություն ունենք Ադրբեջանում շուրջ հիսուն հայ գերիների գտնվելու վայրի մասին: Տարբեր ժամանակներում մեր կողմից հարցումներ են ուղղվել տարբեր անձանց միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով: Հարցումներն ուղղվել են անմիջականորեն Ադրբեջանի Պետական հանձնաժողով: Ցավոք, ոչ մի պատասխան, ահա արդեն հինգ տարի է անցել, բայց մենք այդպես էլ ոչ մի պատասխան չենք ստացել: Ադրբեջանը հաստատում է 2009թ.-ից սկսած գերեվարվածների մասին տեղեկությունը, իսկ մինչև այդ գերի ընկած անձանց մասին տեղեկությունն Ադրբեջանի իշխանությունները ոչ մի կերպ պաշտոնապես չեն հաստատում:

«Նովոստի-Արմենիա». Կարո՞ղ եք ՀՀ անհայտ կորած քաղաքացիների քանակի վերաբերյալ տվյալներ ներկայացնել:
 
Ա.Կապրիելյան. Առաջին հերթին, երբ ստեղծվեց մեր աշխատանքային խումբը (խոսքն 2006թ.-ի ամռանն է վերաբերում), մենք սկսեցինք տվյալների միասնական բազա ստեղծել, և այդ ժամանակ մենք հավաքեցինք ողջ տեղեկությունը, որոնք առկա էին ուժային կառույցներում: Մենք նաև համագործակցում էինք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, որոնք մեզ հետաքրքրող տեղեկություն էին տրամադրում՝ և մեր ցուցակներում, աշխատանքային խմբի ցուցակներում ավելի քան 200 անհայտ կորած անձ է հաշվառված: Բնականաբար, դուք գիտեք, որ Երևանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչության և մեր Պետհանձնաժողովի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի տեղեկություն է հավաքվել անհայտ կորածների տվյալների միասնական բազայի ստեղծման համար, որն արդեն ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության տակ է: -0-