Հայաստանը պետք է ազատվի կոռուպցիայից և Թուրքիայի հետ բաց սահման ունենա
Որպես հայտնի գիտնական՝ դուք հաճախ եք դասախոսություններ կարդում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ձեր կարծիքով՝ Հայաստանը գիտության և, հատկապես, կենսաբանության ի՞նչ ներուժ ունի:
Գ. Համբիկյան. Հայաստան կատարած այցի ընթացքում ես բազմաթիվ հայ գիտնականների եմ հանդիպել և կարող եմ ասել, որ այստեղ մեծ թվով խելացի ու պատրաստված երիտասարդներ կան: Նրանք հսկայական ստեղծագործական ներուժ ունեն, և Հայաստանի գիտության զարգացման հարցում ես մեծ հույսեր եմ կապում այդ փաստի հետ: Երիտասարդ գիտնականները պետք է շատ փոփոխություններ կատարեն հայկական գիտության մեջ: Առաջինը, որ պետք է նրանք անեն, Հայաստանից դուրս կրթություն ստանալն է, իսկ այնուհետև անպայման Հայաստան վերադառնալն ու գիտելիքները սեփական երկրում կիրառելը:
«Նովոստի-Արմենիա». Ըստ ձեզ, ի՞նչ մարտահրավերն են այսօր ծառացած հայկական գիտության առջև:
Գ.Համբիկյան. Ես երկու մարտահրավեր եմ տեսնում: Առաջինը կոռուպցիան է, որի դեմ պետք է վճռականորեն պայքարել: Դուք պետք է ազատվեք կոռուպցիայից և խթանեք գործարարության զարգացումը: Հաջորդ մարտահրավերը փակ սահմաններն են: Ես շատ եմ ուզում հավատալ, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը կբացվի, և Հայաստանի ու Եվրոպայի կապերն էլ ավելի կամրապնդվեն: Բացի այդ, բաց սահմանները կխթանեն տնտեսության հետագա զարգացումն ու կկանխեն «ուղեղների» արտահոսքը: Լավ գիտությունը լավ տնտեսության արդյունք է:
«Նովոստի-Արմենիա». Հասցրեցի՞ք ծանոթանալ հայ կենսաբանների աշխատանքներին:
Գ.Համբիկյան. Ես բազմաթիվ տաղանդավոր հայ գիտնականների աշխատանքներին ծանոթացա, նրանց մեջ վառ անհատականություններ կային: Ես չէի ցանկանա ինչ-որ մեկին կոնկրետ նշել, սակայն ինձ ուրախացրեց նրանց աշխատություններում տեղ գտած խնդիրների լայն շրջանակը:
«Նովոստի-Արմենիա». ԴՆԹ-անալիզի մեթոդի շնորհիվ, որը դուք որպես գիտնական-կենսաբան կիրառում եք փորձաքրեագիտական պրակտիկայում, հնարավոր է դարձել բանտարկությունից փրկել բազում անմեղ մարդկանց: Ձեր փորձն օգտագործու՞մ են օտարերկրյա քրեագետները, և պատրա՞ստ եք համագործակցել հայկական կառույցների հետ, եթե նման առաջարկ լինի:
Գ.Համբիկյան. Ես համագործակցում եմ Իռլանդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Կանադայի ոստիկանությունների հետ, աջակցել եմ Idaho Innocence Project կայքի ստեղծմանը, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Որպես հայ՝ իմ ուժերի ներածին չափով ես պատրաստ եմ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի դատախազությանն ու ոստիկանությանը՝ դատական սխալները կանխելու և անմեղ մարդկանց օգնելու համար: ԴՆԹ անալիզի առավելություններից մեկն այն է, որ մատնահետքերի պես, այն նույնպես չի կրկնվում և նույնն է լինում միայն երկվորյակների մոտ: Նշեմ, որ ԴՆԹ մեթոդն առաջին անգամ կիրառվել է Անգլիայում 1999 թվականին Ալեքս Ջեգրի անունով գիտնականի կողմից, ով արդյունքում այդ մասին գիրք գրեց՝ «Արնահոսություն» վերնագրով:
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանում գիտությունը զարգացնելու համար:
Գ.Համբիկյան. Հայաստանում պետք է զարգացնել կենսաինֆորմատիկան, քանի որ այն հիմնավոր մտավոր աշխատանք և չափազանց քիչ ծախսեր է պահանջում: Բացի այց, շատ կարևոր է կանանց ներգրավումը գիտական գործունեության ոլորտ: Տղամարդիկ և կանայք Հայաստանում պետք է հավասար իրավունքներ ունենան հանուն գիտության ապագայի: Ես ծնվել եմ Ամերիկայում և տեսել եմ, թե ինչպես է այնտեղ զարգանում գիտությունը: Սկզբում այն սպիտակամորթների առանձնաշնորհն էր, իսկ այժմ զգալի տեղ են զբաղեցնում կանայք, և միայն ֆիզիկայի ու ինժեներիայի ոլորտում են գերակշռում տղամարդիկ: Զարգացած են համարվում այն երկրները, որտեղ խելացի կանայք կան:---0-

